Ինչո՞ւ է Ադրբեջանը մի ձեռքով ստորագրում, մյուսով՝ խախտում հրադադարը: Հունական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահը բացատրում է՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վերջնական նպատակն էթնիկ զտումն է, և Բաքուն շահագրգռված չէ դադարեցնել իր ցեղասպան քաղաքականությունը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Միակ տարբերակը, որին կողմ էր Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղին առանց հայերի տիրանալն էր: Եվ սա այն է, ինչ տեղի ունեցավ իմ ժողովրդի հետ 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանությունը: Մենք երբե՛ք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա, երբե՛ք: Հենց սա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը:
Սա հայ ժողովրդի պայքարն է՝ հանուն իր անվտանգության, կյանքի և արժանապատվության, և ոչինչ, ըստ նախագահ Սարգսյանի, չի կարող կանգնեցնել ժողովրդին՝ իրացնելու ազատ ու անվտանգ ապրելու իր իրավունքը:
Արմեն Սարգսյան - Թուրքիան ոչ միայն քաջալերում է Բաքվին՝ դառնալ խաղաղ բնակչության կույր մարդասպան ու խախտել հրադադարի մասին համաձայնությունը, այլև Ադրբեջանին դարձնում է իր գերին՝ վերածելով նրան իր քաղաքական մանիպուլյացիայի նոր գործիքի՝ ընդդեմ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի և Իրանի:
Թուրքիան տարածաշրջանային խաղացող է՝ կայսերապաշտական հավակնություններով և ախորժակով, սակայն սահմանափակ ռեսուրսներով ու խամրող միջազգային հեղինակությամբ, նշել է նախագահը:
Արմեն Սարգսյան - Նա խնդիրներ է ստեղծում Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրածովյան շրջանում և այլուր: Ուստի, սեփական նպատակներին հասնելու համար Ադրբեջանին օգտագործելը, այդ թվում՝ պատերազմ սանձազերծելը, հրահրելը և քաջալերելը նվազագույնն է, որ Թուրքիան կարող է անել տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս:
Հակամարտության այս փուլում առանցքային խնդիրներից մեկը, որը, ըստ նախագահի, մտահոգում է Երևանին ու Մոսկվային, Սիրիայից, Լիբիայից ջիհադիստների հայտնվելն է, որոնց Թուրքիան տեղափոխում է Ադրբեջան հայերի դեմ պայքարելու համար:
Արմեն Սարգսյան - Տասնամյակներ շարունակ տարածաշրջանը զերծ է եղել իսլամական արմատականությունից, և այժմ Ադրբեջանի ներսում ունենք այնպիսի ոչ պետական դերակատար, որն ահաբեկչությունն օգտագործում է որպես անմարդկային նոր գործիք խաղաղ բնակչության դեմ: Սա շատ կործանարար գործոն է տարածաշրջանի ապակայունացման համար:
Նախագահն ընդգծել է, որ այս ագրեսիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղի հայերի գոյատևման միակ տարբերակն իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքի ճանաչումն է Ադրբեջանի սահմաններից դուրս: