Հանրային հեռարձակողի խորհրդի հաջորդ տարվա բյուջեում այս պահին կտրուկ փոփոխություններ չկան: Անցած տարվա համեմատ եղել է մոտ 500 միլիոն դրամ նվազում՝ կապված վարկի մարման հետ: Գումարը հեռուստաընկերությունը հավաքել էր տարբեր ծախսային հոդվածներից ավելի նվազ ծախսեր անելով:
Արա Շիրինյան (Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ) - Վարկը վերցվել էր տեխնիկական վերազինման համար, իսկ դա ժամանակակից հեռուստատեսության պայմաններում բավականին մեծածավալ արարողակարգ է, որովհետև տեխնիկական միջոցների ձեռքբերումը բավական չէ, դրանք պետք է համապատասխան միջավայրում տեղադրվեն: Հնարավոր չէ մեկ տարվա բյուջեում նախատեսել տեխնիկական լուրջ վերազինում:
Եթե դա ժամանակին չարվեր, Հանրային հեռուստաընկերությունը գուցե չունենար հնարավոր ռեսուրսներ լրատվություն ապահովելու համար: Գուցե նաև պատրաստ չլիներ ռազմական դրության պայմաններում շատ արագ անցնել լրատվական թողարկումների՝ մինչև տասնապատիկ ավելացմանը: Երկու արտակարգ իրավիճակների՝ համաճարակի և ռազմական դրությամբ պայմանավորված կատարվել են շուրջ 500 միլիոն դրամի խնայողություններ, որ հիմնականում կապված են ծրագրային բովանդակության փոփոխության հետ: Խնայողությունները հիմնականում կատարվել են հեռուստահաղորդումների և ֆիլմերի արտադրության ու ձեռքբերման ծախսերի տնտեսման հաշվին:
Արա Շիրինյան - Բացի դրանից, տնտեսվել են գործուղման ծախսեր արտերկիր գործուղումների կրճատման, հաղորդումների պատրաստման կրճատման, հեռուստահաղորդումների մոնիտորինգի ծառայությունների, նաև շենք-շինությունների պահպանման և նորոգման ծախսերը չիրականացնելու արդյունքում:
Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հաջորդ տարի բացել նոր տեղեկատվական ալիք և մի քանի օրից կմասնակցի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման իրավունք ստանալու մրցույթին:
Իսկ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին 2021-ի պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 313 մլն դրամ, հանձնաժողովում կավելացվի 4 նոր հաստիք: Հաջորդ տարվա նախատեսված ծախսերն ավելացել են երկու պատճառով՝ օգոստոսին ուժի մեջ մտած Տեսալսողական մեդիայի մասին օրենքը, որն ավելացնում է հանձնաժողովի գործառույթները: Եվ մի քանի օրենքի դրույթներ, որոնք ներկայիս գործառույթներին ավելացնում են նորերը:
Տիգրան Հակոբյան (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ) - Վերահսկողության տակ գտնվող մեդիածառայությունների նոր խմբեր, օրինակ՝ դիստրիբյուտորների խմբերը կամ ցանցային օպերատորների հեռուստածրագրերի մշտադիտարկումը և այլն:
Մեդիաընկերությունների կողմից վճարվող պետական տուրքերի և հանձնաժողովի կողմից կիրառված տույժ ու տուգանքների 30 տոկոսը մնում է հանձնաժողովին: Հակոբյանի կարծիքով՝ դա մեծ գումար չէ, սակայն թույլ է տալիս լուծել կարևոր խնդիրը՝ ֆինանսական անկախությունը: Ցանկացած փոքր գումարի համար ստիպված են լինում դիմել կառավարություն:
Տիգրան Հակոբյան - Նախորդ տարի մենք եվրոպական անկախ կարգավորող մարմինների պլատֆորմին պետք է մուծեինք 180 եվրո: Եվ այդ 180 եվրոյի հայթայթումը տևեց 9 ամիս:
Այս ընթացքում մեկ ամսով կասեցվել է մեկ ծրագրի գործունեությունը, որ շտկվի բովանդակությունը: Կասեցման ժամկետն ավարտվում է նոյեմբերի 10-ին: Հաղորդումը եթերում չի լինի: Հանձնաժողովը հեռուստաընկերությունից ստացել է փաստաթուղթ. պայմանագիրը խզվել է: