2021 թվականի հանրային հեռարձակողի բյուջեում այս պահի դրությամբ կտրուկ փոփոխություններ չկան, անցած տարվա համեմատ եղել է մոտ 500 միլիոն դրամ նվազում՝ կապված վարկի մարման հետ՝ խորհրդարանում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշեց Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
«Այդ գումարը հեռուստաընկերությունը հայթայթել էր իր տարբեր ծախսային հոդվածներից ավելի նվազ ծախսեր անելով: Այստեղ կա մի գլոբալ խնդիր: Վարկը վերցվել էր տեխնիկական վերազինման համար, իսկ դա ժամանակակից հեռուստատեսության պայմաններում բավականին մեծածավալ արարողակարգ է, որովհետև տեխնիկական միջոցների ձեռքբերումը բավական չէ, դրանք պետք է համապատասխան միջավայրում տեղադրվեն: Այսինքն՝ արդեն նախատեսում են կոմունալ ծախսեր, վերանորոգում, նաև շինարարություն: Հնարավոր չէ մեկ տարվա բյուջեում նախատեսել տեխնիկական լուրջ վերազինում»,- նշեց Շիրինյանը:
Շիրինյանի խոսքով, եթե ժամանակին դա չարվեր, այսօր գուցե Հանրային հեռուստաընկերությունը պատրաստ չլիներ, չունենար այն ռեսուրսները, որոնք ունի լրատվություն ապահովելու համար, և գուցե նաև պատրաստ չլիներ ռազմական դրության պայմաններում շատ արագ անցնել լրատվական թողարկումների քառապատիկ կամ տասնապատիկ ավելացմանը:
Երկու արտակարգ իրավիճակների՝ համաճարակի և ռազմական դրությամբ պայմանավորված կատարվել են շուրջ 500 միլիոն դրամի խնայողություններ, որոնք հիմնականում կապված են ծրագրային բովանդակության փոփոխության հետ:
«Խնայողությունները հիմնականում կատարվել են հեռուստահաղորդումների և ֆիլմերի արտադրության ու ձեռքբերման ծախսերի տնտեսման հաշվին: Բացի դրանից՝ տնտեսվել են գործուղման ծախսեր, արտերկրի գործուղումների կրճատման, հաղորդումների պատրաստման կրճատման, հեռուստահաղորդումների մոնիթորինգի ծառայութունների, նաև շենք-շինությունների պահպանման և նորոգման ծախսերը չիրականացնելու արդյունքում»,- նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը:
Արա Շիրինյանը հայտնեց, որ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է հաջորդ տարի բացել նոր տեղեկատվական ալիք, և մի քանի օրից կմասնակցի հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման իրավունք ստանալու մրցույթին: