«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, առաջնորդվելով ամուր թիկունք ունենալու և տեխնոլոգիական ոլորտի գիտելիքներով զինված սերունդ դաստիարակելու իր առաքելությամբ, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում և Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում իրականացնում է ծրագրավորման անվճար դասընթացներ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար:
Մասնավորապես, արդեն իսկ մեկնարկել են դասընթացները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի կրթության վարչության համագործակցությամբ։ Այստեղ Արցախից ժամանած աշակերտները մասնակցում են ութ շաբաթ տևողությամբ դասընթացների, որոնց ընթացքում ուսումնասիրում են ծրագրավորման տարբեր լեզուներ և ձեռք բերում համապատասխան գիտելիքներ՝ խաղերի պատրաստման ծրագրերից մինչև տեխնիկական անգլերեն:
Մեկնարկել են նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ՝ հատուկ Արցախից ժամանած մեր դպրոցահասակ հայրենակիցների համար կազմակերպվող անվճար դասընթացները: Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն են ստանում խոր գիտելիքներ ձեռք բերել հետևյալ ուղղություններում՝
- ծրագրավորման լեզուներ (Scratch, Kturtle, HTML, CSS, JavaScript, PHP)
- գրաֆիկական դիզայնի ծրագրեր (Adobe Illustrator, Photoshop)
- Computer network, System administration
Կազմակերպիչների խոսքով՝ մասնակիցների համար կազմակերպվում են նաև ոչ ֆորմալ միջոցառումներ, այդ թվում՝ այցելություններ մշակութային վայրեր, մուլտֆիլմերի և ֆիլմերի դիտումներ և այլն:
Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում էլ արցախաբնակ մեր հայրենակիցները կարող են ամբողջովին անվճար գրանցվել ծրագրավորման հետևյալ դասընթացներին՝
- ITeens-Web programming for teenagers
- QA-Quality Assurance
- Web programming
«Հաշվի առնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստան ժամանած մեր հայրենակիցների համար նոր մասնագիտություններ սովորելու անհրաժեշտությունը՝ որոշեցինք նաև նման դասընթացներ կազմակերպել: Հուսով ենք, որ դրանց արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն որոշակի գիտելիքներ և իրենց ուրույն տեղը կգտնեն մեծ պահանջարկ ունեցող տեխնոլոգիական ոլորտում ու իրենց մասնագիտական հմտությունները կծառայեցնեն հայրենիքի հզորացմանն ու կայուն առաջընթացին»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: