Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Ստեղծված վիճակի պատճառով Թուրքիայում տևական ժամանակ տարբեր շրջանակներ, որպես գլխավոր պատասխանատուի, պահանջում էին Էրդողանի փեսայի հրաժարականը: Նախօրեին Թուրքիայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պաշտոնական ինսթագրամյան հաշվից հայտարարություն տարածեց իր հրաժարականի մասին՝ գրում է Ermeniahaber-ը:
Ալբայրաքի հրաժարականի լուրից անմիջապես հետո թուրքական մամուլում և սոցցանցերում սկսեցին գրել թուրքական արտարժույթի շուկայում լիրայի փոքր-ինչ արժևորման միտումների մասին։
Նշենք, որ նախորդ շաբաթ Թուրքիայի արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման վերջին հակառեկորդը կազմել էր 8․52: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել էր 10․19 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստեռլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ կազմելով 11.19:
Սակայն այս շաբաթ չնչին փոփոխությամբ թուրքական արտարժույթի շուկայում գործարքները սկսել են կատարվել 1 ԱՄՆ դոլար/8․35 լիրա և 1 եվրո/ 9․9332 փոխարժեքով։