Առաջնագիծն արյան պաշարների խնդիր չունի: Արյուն հանձնելու մեկ կոչ ու դիմում, և դոնորների բանակը պատրաստ է զինվորագրվել վիրավոր զինվորի կյանքը փրկելու գործին: Վաղ առավոտից բուժկենտրոնում արյուն հանձնելու հերթ է:
Մարգարիտա Հակոբյան (Արյունաբանական կենտրոնի փոխտնօրեն) - «Կուզեի մեր ազգաբնակչությանը ասել՝ մի անհանգստացեք, առաջին գիծը ապահովված է արյան պաշարներով, ինչպես նաև Երևանի ու մարզային բոլոր հիվանդանոցները»:
Ռոբերտ Մխեյանն Արցախի դեմ հարձակված թշնամու դեմ պայքարում է մի քանի ճակատով: Տղան կամավոր մեկնել է Արցախ, ինքը Երևանում հյուրընկալել է արցախցի երկու ընտանիքի, նաև եկել է՝ արյան հանձնի ու հետո շտապի առաջնագիծ:
Ռոբերտ Մխեյան - «Արցախը մերն է և վերջ: Խիղճս հանգիստ է, հաղթելու ենք»:
Պատերազմը հաղթելու զենքերից մեկն էլ արյունն է, որի խնդիր թեև չկա, բայց լրացուցիչ խմբաքանակ պահեստավորելն ավելորդ չէ: Այս օրերին կամավորների պակաս չկա, գալիս են անգամ առանց սպասելու հայտարարության, գիտեն՝ կարիք կարող է լինել: Արյունաբանական կենտրոնի ղեկավարի խոսքով՝ արյան բանկը, որը պատասխանատու է ամբողջ հանրապետության արյան պաշարների ապահովման համար, գործում է աշխատանքային ռիթմով:
Սամվել Դանիելյան (Արյունաբանական կենտրոնի տնօրեն) - «Բնական է, որ առողջապահությունն այս պահին ունի որոշակի խնդիրներ, որոնք արյան ծառայության գծով աշխատում ենք ժամանակին հոգալ, ապահովել, որ չունենանք խնդիրներ, կարծես՝ հաջողվում է: Ազգաբնակչության օժանդակության շնորհիվ է հաջողվում»:
Նարինե Թարխանյանն այսօրվա դոնորներից մեկն է: Տղան Արցախում պայքարում է հանուն խաղաղության:
Նարինե Թարխանյան - «Ինձն է ոգևորում, երբ ձայնիս մեջ հուսալքություն է տեսնում: Աստված զորավիգ լինի, հասնենք մեր ուզածին: Հավատում եմ, որ կհասնենք»:
Հայկ Սարգսյան - «Եթե կարողանամ էս մի փոքր բանով մասնակցեմ, իմ փոքր օգնությունը մեր զինվորին հասցնեմ, ուրախ կլինեմ»:
Քանի դեռ չեն լռել զենքերը, անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը, համալրման գործընթացը շարունակվում է: Արյան բանկից սակայն հորդորում են առաջնահերթ մոտենալ արյան՝ նշված կարգերն ունեցող անձանց:
Անդրանիկ Շամիլյան (Արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ) - «Միշտ ունենք անձեռնմխելի պաշար, երբ տեսնում ենք կարիք կա: Երբ ասում ենք պետք է, չի նշանակում, որ զինվորը սպասում է, էդ խմբի պաշարն է սպառվում, չենք թողնում հասնի դրան, համալրում ենք»:
Առաջնագծի հետ անընդհատ կապի մեջ են: Արյան ծառայության ղեկավարը կարևոր է համարում արյունատվության այս շարժումը. վիրահատարանում բժիշկն անզոր կլինի, եթե արյան մեծ կորուստ լինի. իրենք դա թույլ չեն տալիս: