Գեղարքունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ մարզի որոշ դպրոցներ միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը:
«Թեև աշնանային արձակուրդներ են, սակայն մարզի որոշ հանրակրթական դպրոցներում աշակերտների տեղաշարժը չի դադարում: Իրենց իսկ ցանկությամբ նրանք միացել են «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը` նպատակ ունենալով իրենց մասնակցությունն ունենալ Արցախին և առաջնագծին օգնելու հայրենանվեր ձեռնարկին: Այս նախաձեռնությանը միացել են Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտները:
Դպրոցից տեղեկացանք, որ արդեն մի քանի օր է, ինչ նրանք դպրոց են տեղափոխում հին գրքեր, օգտագործված տետրեր, թղթեր, ամսագրեր: Ինչպես նախատեսված է, հավաքված թուղթը հանձնվելու է համապատասխան ծառայություն՝վերամշակման նպատակով, իսկ դրա դիմաց վճարված գումարը երանոսցի դպրոցականները նախատեսել են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները կոչ են անում իրենց համայնքի բնակիչներին՝ միանալ նախաձեռնությանը և բնակարաններում առկա թղթերը հավաքել ու տեղափոխել դպրոց՝ մինչև նոյեմբերի 11-ը:
Վերջին օրերին «Թուղթը վերածենք զենքի» նախաձեռնությանը միացել են նաև Կարմիրգյուղ համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարբեր դասարանների աշակերտներ: Նրանց ուժերով դպրոցում կուտակված թղթի ծավալն օր օրի ավելանում է»,- ասված է մարզպետարանի տարածած հայտարարության մեջ: