1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի, 6-ի, 7-ի դեպքերի քրոնիկոնը:
Շուշիի բերդի «գրավման» տեսանյութը կեղծ է, այն նկարահանվել է այլ վայրում․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տարածվեցին լուսանկարներ և տեսանյութեր, որոնք ներկայացվում էին իբրև Շուշիի գրավման ապացույցներ։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնել է, որ տարածվող տեսանյութերում և լուսանկարներում երևացող ամրոցը որևէ առնչություն չունի միջնադարյան Շուշիի բերդի հետ։ Նշվում է, որ տեսանյութում մի խումբ տղամարդիկ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն ամրացնում են բերդի գլխամասում։ «Հատկանշական է, որ դրոշներն ամրացնողները ո՛չ զինվորական հագուստով են և ոչ էլ զինված, ավելին՝ քաղաքացիական հագուստով են։ Հաջորդ վայրկյաններին բարձունքից երևացող քաղաքում որևէ ավերածություն չկա։ Հարց է առաջանում՝ իսկ այդ թեժ մարտերը որտե՞ղ էին ընթանում։ Ի վերջո, պարզապես համեմատելով Շուշիի և տեսանյութում երևացող բերդերը՝ կտեսնենք, որ դրանք տարբեր են»,- ասված է հայտարարությունում։
Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ. Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով. «Աշխարհում ոչ մի տեղ այսքան «Բայրաքթար» չի զգետնվել, որքան մեզ մոտ»։
Մեր զորքերը հակառակորդին թույլ չեն տալիս որևէ ուղղությամբ զարգացնել հաջողությունը. Արծրուն Հովհաննիսյան
Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ։ Երեկ ու այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններում մարտերը շարունակվել են, որոնք եղել են ինտենսիվ։ Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հակառակորդը փախուստի է դիմում Բերձորի լեռներից. «Գյոռբագյոռ 2020»
Տեսանյութ:
Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՀՀ ՊՆ խոսնակ
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ստեփանակերտից հյուսիս-արևմուտք հատվածում ժամը 19:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ: Լարվածությունն առաջնագծում պահպանվում է: Հրետանային և ականանետային փոխհրաձգություն է: Հարավարևելյան ուղղությամբ դիտարկվել է հակառակորդի շարասյուն, որի ուղղությամբ վարվել է դիպուկ կրակ՝ ոչնչացնելով մեծ քանակի կենդանի ուժ և տեխնիկա։ ՊԲ զորատեսակները վստահաբար կատարում են իրենց մարտական առաջադրանքները, հակառակորդի մարտական ներուժի մաշումը շարունակվում է»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում ժամը 20։34-ին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Համառ մարտեր են ընթացել Մատաղիսի, Մարտունու, Հադրութի ուղղությամբ. հակառակորդը ոչ մի դիրք չի կարողացել վերցնել. Հովհաննիսյան
«Մատաղիսի ուղղությամբ հարձակումներ եղել են: Մարտունիում առավոտյան հակառակորդին հաջողվել էր մեկ դիրք վերցնել, բայց օրվա ընթացքում հետ են շպրտվել, սպասում էինք երկրորդ հարձակմանը, բայց չեղավ: Հադրութից արևմուտք ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում, կուտակումներ կան, հիմա էլ կա, մեկ-երկու գրոհ մեզ հաջողվել է հետ շպրտել, սակայն ոչ մի դիրք չեն կարողացել վերցնել, մարտերը այդ ուղղությամբ հիմա էլ շարունակվում են: Համառ մարտեր են եղել նաև Ճարտարում, Մարտունիից հարավ-արևմուտք, բայց էլի հաջողության չեն հասել: Ինչի եմ ասում՝ սպասենք մինչև վաղը, քանի որ եթե կարողանանք այս ուղղություններից մեկում բեկում մտցնել, կարող է իրավիճակ փոխվել»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Վաղը, ինձ թվում է, Շուշիի համար ճակատամարտը կավարտվի. Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։ Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերի, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հայտնել է, որ վաղ առավոտից համառ մարտեր են եղել: Նշել է, որ մեր զորքը շատ գրագետ պայքար է մղել բոլոր զորատեսակներով։ «Սպասենք որոշ ժամանակ։ Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն արդեն երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, տարբեր հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, կավարտվի։ Չեմ ուզում վաղաժամ գնահատական տալ. իրավիճակը շատ արագ փոխվում է։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասել է Հովհաննիսյանը։ Նա նաև ընդգծել է՝ Շուշին գերսիմվոլիզացված է, մենք ձգտելու ենք պահել Շուշին: Ալիևն արդեն երազանքն իրականության տեղ է ներկայացնում, բայց մենք չշտապենք, սպասենք մինչև վաղը։
Օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված․ ԱՀ ԱԻՊԾ
Ստեփանակերտում հանգիստ իրավիճակը պահպանվել է մինչև ժամը 18։30-ը։ Քիչ առաջ հրթիռակոծվեց քաղաքը։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ տուժած։ Այս մասին ժամը 19։01 հայտնել է ԱՀ ԱԻՊԾ-ն: «ԱԻ պետական ծառայության փրկարարները վիրավորին առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխել բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մարտակերտում օրվա ընթացքում երկու անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։ Թշնամին քաղաքի վրա փորձել է կիրառել ռազմավիացիա։ Մարտունի քաղաքում իրադրությունը դարձյալ անհանգիստ է եղել։ Այստեղ կեսօրին թշնամական կողմը ծանր հրետանի է կիրառել՝ հարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Ասկերանի, Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-
հայտնել են ԱՀ ԱԻՊԾ-ից՝ նշելով, որ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում իրադրությունը եղել է կայուն լարված։
Կույր մի՛ եղեք. ԱՀ ՄԻՊ-ի հերթական կոչն աշխարհին
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի էջում նոր
տեսաուղերձ է հրապարակել: ԱՀ ՄԻՊ-ը նշել է, որ ականատես է եղել Արցախի դեմ Ադրբեջանի պատերազմական հերթական հանցագործությունների հետևանքներին՝ Ստեփանակերտի երաժշտական դպրոցի շենքի և մյուս քաղաքացիական օբյեկտների ավերածություններին:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները՝ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ, 7630 զոհ:
Հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի հերթական «Բայրաքթարը». ՊՆ խոսնակ
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 13:40-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են թշնամու հերթական «Բայրաքթարը»` տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի երկու ԱԹՍ. ՊՆ խոսնակ
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ»,- ասված է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառման մեջ:
Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար. հաղթանակ մեր հերոսներին՝ գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի էջում:
Ստեփանակերտը գիշերային հրթիռակոծությունից հետո
Սեպտեմբերի 27-ից սկսած խաղաղ բնակչությանը թիրախավորելու թշնամու ձեռագիրը չի փոխվում` հայտարարել է Արցախի ԱԻՊԾ-ն՝ հրապարակելով նաև հրթիռակոծված Ստեփանակերտից լուսանկարներ:
Ոչնչացվել է հակառակորդի 4 տանկ, 11 ավտոտեխնիկա, 20 այլ զրահատեխնիկա, 2 ԱԹՍ և մեծ թվով կենդանի ուժ. ՊՆ խոսնակ
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում՝ հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Մարտական գործողություններին զուգահեռ հակառակորդը հրթիռահրետանային համակարգերով թիրախավորել է նաև մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Լուսադեմին դիտարկվել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Բանակային ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակը:
Արցախի մայրաքաղաքը գիշերը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության, արձակվել է հեռահար 8 հրթիռ. ԱՀ ԱԻՊԾ
Գիշերը անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում։ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Այս մասին հայտնել է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։