ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին լուրը:
«Ռիա Նովոստի»-ն, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրում է, որ ռուսական Ми-24 ուղղաթիռը վթարվել է Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ, ուղղաթիռը ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության:
«Նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը գետնից ենթարկվել է շարժական զենիթահրթիռային համակարգի կրակային ազդեցության Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ: Խոցվելու հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել է Հայաստանի տարածքում լեռնային տեղանքում»,- գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հավելելով, որ Ռուսական 102-րդ ռազմական բազայի հրամանատարությունը ճշտում է, թե ով է կրակ արձակել ռուսական ուղղաթիռի ուղղությամբ:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԻՆ-ը հայտնել էր, որ Նոյեմբերի 9-ին՝ ժամը 18։39-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ռուսական Մի-24 ուղղաթիռն ընկել է Երասխ-Պարույր Սևակ ճանապարհահատվածի 2-րդ կմ-ի աջակողմյան դաշտամիջյան հատվածում և բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին, մարվել՝ 20։11-ին։