«Վերջին երեք-չորս օրվա ընթացքում հակառակորդը ջանքերը հիմնականում կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել են և պաշտպանում են մեր ինքնության, մեր Արցախի խորհրդանիշներից մեկը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշին, և վճռականորեն տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»։- Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՀ ՊԲ ներկայացուցիչ, գնդապետ Սուրեն Սարումյանը։
«Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ։ Գրոհող ստորաբաժանումները, խմբավորումները հայտնաբերվել և ենթարկվել են կրակային ներգործության ու կրել են մեծ կորուստներ։ Նշեմ նաև, որ այդ հատվածում մեր ստորաբաժանումներին հաջողվել է գերեվարել երկու ադրբեջանցի զինծառայողի»,- ասաց Սարումյանը։
Սուրեն Սարումյանը նաև հայտնեց, որ հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաև ռազմաճակատի մյուս հատվածներում։ Նշեց, որ յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր։ Տարբեր ուղղություններում օրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք։ Հարավարևմտյան հատվածում ընթացող գործողությունների ընթացքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ և հրետանային միջոցներ։
«Ներկայումս Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են։ Մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են։ Այս առումով ցանկանում եմ վստահեցնել մեր հայրենակիցներին, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաև գաղտնիության որոշակի նկատառումներ։ Այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։ Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք։ Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասաց Սարումյանը։
ԱՀ ՊԲ ներկայացուցիչը նշեց, որ մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Սարումյանի խոսքով՝ այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել հաճախ մարտավարական նկատառումներով, երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ։
«Ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսանավում և զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու, խոցելու համար։ Արցախի տարածքում կատարվող գործողությունները հաճախ հակառակորդին չեն ներվելու։ Վստահ եղեք, որ բանակը կարողանալու է ջարդել հակառակորդին, զսպել նրա զավթողական նկրտումները և կարողանալու է անվերապահորեն կատարել իր խնդիրը»,- շեշտեց Սարումյանը։