Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային hարցերի հանձնաժողովների համատեղ նիստին նշեց, որ առողջապահական բյուջեի մասով 2021-ին մի փոքր աճ է սպասում: 2020 թվականի հաստատված բյուջեն տարվա սկզբում եղել է 27.1 միլիարդ, իսկ 2021-համար նախատեսվում է 27.9 միլիարդ դրամ:
Ա.Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի թվերն օր օրի ավելի են ահագնանում:
«Բոլորս շատ լավ գիտենք, որ մենք ունենք կորոնավիրուսի ահագնացող մեծ թվեր: Այսօր ունենք նոր 1042 նոր դեպք՝ կատարված 2358 թեստերից, այսպիսով գումարային մեր թվերը ստացվում են 107 հազար 466, ինչը, իհարկե, շատ մեծ է: Ունեցել ենք 21 մահվան դեպք, մահերի ընդհանուր թիվը կրկին բարձր է»,- նշեց Թորոսյանը:
Առողջապահական համակարգը գերլարված և գերմոբիլիզացված վիճակում աշխատելով՝ որևէ թերացում չունի ռազմական գործողություններից տուժածներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու մասով:
«Կարող եմ ասել, որ 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ավելին՝ ունենք նաև ռեզերվներ, այլ զարգացուների համար նույնիսկ»,- նշեց Թորոսյանը:
Քովիդ-19-ի դեպքում, ըստ նախարարի, պատկերն այլ է. չնայած մոբիլիզացիային, ունենք սահմանափակ ռեսուրսներ: Ռեսուրսներն օգտագործվում են ըստ ցուցումների:
«Դրանք պացիենտների առողջական վիճակն են՝ ծանրից դեպի ավելի թեթև: Այսինքն՝ մեր խնդիրն է հնարավորինս ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներին հոսպիտալացնել և օգնություն ցուցաբերել, իսկ ոչ ծանր և թեթև վիճակում գտնվող պացիենտներին փորձել բուժել տանը»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ առավոտվա դրությամբ կա 861 քաղաքացի, որոնք սպասում են իրենց հերթին Քովիդ-19-ով ցուցված բուժօգնություն ստանալու: