Սահմանից հոսպիտալ, ռումբերի տակ, երդմանը հավատարիմ: Առանց դադարի սպիտակ բանակը կռիվ է տալիս՝ կյանքը չխնայող զինվորին կյանք վերադարձնում: Երկրի ու երկնքի սահմանագծում զինվորը նայում է բժշկի ձեռքին, հետո աչքերին՝ հավատալով ապաքինմանը: Եվ հենց հավատն է, որ բժշկին ստիպում է առաջնագիծ գնալ:
Կարճ ժամանակով է եկել, այստեղ էլ նեղ մասնագետի կարիք կա: Արցախ հերթափոխով են մեկնում: Տնեցիներին տեսնելու ժամանակ կլինի, հիմա պետք է արագ վիրահատական միջամտություններն ավարտի, նորից հետ գնա:
Գևորգ Շահսուվարյան (դիմածնոտային վիրաբույժ) - Վիրավորների քանակը կտրուկ նվազել է, դրա համար շատ նեղ մասնագետների առկայությունը տեղում պարտադիր չի:
Սեպտեմբերի 27-ից ընկերների հետ Արցախում էր: Ապրիլյանից հետո ավելի հմտացան՝ ինչպես գործեն պատերազմի ժամանակ: Հստակ գիտեն՝ ով ինչի պատասխանատուն է: Իմը, քոնը չկա, կա ընդհանուր նպատակ՝ ևս մեկ կյանք փրկել: Տղերքն առաջնագծում, իրենք էլ իրենց խրամատում են կռիվ տալիս:
Գևորգ Շահսուվարյան - Շատ-շատ վիրավորներ եմ ունեցել, որ խնդրում էին՝ շուտ արա, ուղարկեք ինձ հետ, իմ ընկերները, ունեցել եմ դեպք, թևը վիրավոր զինվորն ասում էր՝ շուտ թևս կտրի, հետ գնամ շարք:
Իսկ ինքը գիտեր՝ հնարավոր է փրկել: Ոչ ոքի չի անդամահատել: Եվ դա բոլոր բժիշկները գիտեին. արագության պատճառով չպետք է զինվորին հաշմանդամ դարձնել: Ապահովված են բժշկական պարագաներով, աջակցությունն էլ չի ուշանում:
Արսեն Վահրամյան (օրթոպեդիայի ծառայության ղեկավար) - Աշխատում էինք հնարավորության սահմաններում հանգստանալ, քնել չկար, աշխատում ես ինչքան հնարավոր է, մինչև վերջ:
Նրանց ուրախացրել է զինվորների կամքը, որոնք ստիպում էին արաք բուժել ու մտածում էին՝ մահճակալին պառկելը դավաճանություն է: Մի բանում վստահ են՝ հաղթել են մահին: Հիվանդանոցի հրետակոծության ժամանակ, ռումբերի տակ էլ չեն լքել վիրահատարանը: Զինվոր ու բժիշկ իրար նայելով՝ հավատ են ներշնչել, որ գործն առաջ գնա:
Արսեն Վահրամյան - Մեկ-երկու դեպք կար, որ անգամ փախան հոսպիտալից, որ գնան առաջնագիծ՝ չնայելով մեր հորդորներին, ասում էին՝ բան չի եղել բժիշկ, ես գնում եմ...
Աշխատել են ժամացույցի պես, մոռացել են քնի, շատ դեպքերում էլ՝ հացի մասին: Բավարարվում էին անզգայացումից արթնացող զինվորի ձայնով ու հետևյալ բառերով՝ լավ եմ, գնում եմ սահման:
Գագիկ Առաքելյան (կրծքային վիրաբույժ) - Մեր ազգի համախմբվածությունը, լարված իրավիճակներում մեկը մյուսին ձեռք մեկնելը, թև ու թիկունք լինելը փաստ է:
Խոսել չեն ուզում՝ իրենց գործը մարդկանց բուժելն է: Հիմա ժամանակն է կենտրոնանալ իրենց հիվանդների հետվիրահատական ապաքինման վրա: Սպիտակ բանակի մարտիկները վստահեցնում են՝ զինվորն արագ ապաքինվում է կամքի և հավատի շնորհիվ: Իրենք պարզապես օգնել են՝ մի թեթև: