Այս պատերազմը և՛ սպասելի, և՛ անսպասելի էր: Սպասելի էր, քանի որ վերջին տարիներին ադրբեջանա-թուրքական կողմը ակնհայտորեն պատրաստվել էր սրան: «Ուկրաինա 24»-ին պատերազմի մեկնարկի պատճառներ է ներկայացրել նախագահ Սարգսյանը, ընդգծել՝ Ղարաբաղյան առաջին պատերազմը տևել է մի քանի տարի, բայց ավարտվել Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի միջև կնքված զինադադարով: Իսկ այս անգամ հրադադարի չորս պայմանավորվածությունն էլ ձախողվեց շատ պարզ պատճառով՝ հակամարտության երկու կողմից՝ Արցախի Հանրապետությունից և Ադրբեջանից բացի, կա նաև երրորդ մասնակից, որը շահագրգռված չէ հրադադարով: Դա Թուրքիան է:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Ղարաբաղյան պատմությունը, ցավոք, միակը չէ, որտեղ Թուրքիան անկայունություն է ստեղծել և, ըստ էության, անում է ամեն ինչ, որ ոչնչացնի բոլոր հնարավոր ստատուս քվոները: Թուրքիան իր շուրջը ստեղծում է անկայունության օջախներ: Տեսեք՝ նրանք սկզբում Եգիպտոսում էին, հետո մյուսների հետ եղել են Լիբիայում, այնուհետև՝ Իրաքում: Նրանք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն հենց իրենք են ներխուժել Իրաք: Այնտեղ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Իրաքի տարածքային ամբողջականությանը: Հետո նույնը եղավ Սիրիայի դեպքում: Իսկ այսօր Ադրբեջանում նրանք կռվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար:
Լրագրողն էլ նկատեց՝ Թուրքիան սանձազերծեց այս պատերազմն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակի բռնկումներ կային, երբ ԱՄՆ-ում նախագահի ընտրության թեժ քարոզարշավ էր:
Արմեն Սարգսյան - Առաջին հերթին Թուրքիան ցանկանում է իր փոքր եղբորը՝ Ադրբեջանին, ցույց տալ, որ ,ահա, դուք չեք կարող ինքնուրույն լուծել խնդիրը, ես ձեր փոխարեն կլուծեմ: Անշուշտ, ցանկացած նման ծառայություն ունի իր գինը: Իսկ գինն այն է, որ Թուրքիան այսօր ահռելի ազդեցություն ունի Ադրբեջանի վրա, և նա ամենայն հավանականությամբ այնտեղ էլ կմնա: Այդ դեպքում էներգակիրների, այն նավթատարների և գազատարների վրա, որոնք անցնում են Կասպից ծովով, Կենտրոնական Ասիայով դեպի Եվրոպա, կլինի նրա վերահսկողությունը, այսինքն՝ Եվրոպան ինչ-որ իմաստով պատանդ կդառնա:
Ղարաբաղցիներն ապրում են Ղարաբաղում մի քանի հազար տարի, նրանք շատ ավելի ագրեսիվ «նվաճողների» են տեսել՝ մոնղոլներից մինչև սելջուկ թուրքեր: Ռազմական լուծում չկա: Կա միայն բանակցային լուծում: Հայերն այս ամբողջ տարիներին ապաստարաններ կամ ռազմակայաններ չեն կառուցել, հակառակը՝ ճանապարհներ, հիվանդանոցներ են կառուցել: Հայերն ապրել են այն երազանքով, որ ապրելու են խաղաղության մեջ: Ինչպե՞ս այս խնդիրը ներկայացրեց նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին նրանց բրյուսելյան հանդիպման ժամանակ, և ո՞րն էր Ստոլտենբերգի բացատրությունը:
Արմեն Սարգսյան - Թե ինչպես է նա դա բացատրել մեր փակ քննարկումների ժամանակ, ցավոք, չեմ կարող հրապարակել: Սակայն կարող եք վստահ լինել, որ այդ սուր հարցերը բարձրաձայնել եմ, քանի որ ինձ համար անհասկանալի է ոչ միայն որպես նախագահի, այլև որպես մեկի, որը գիտի, թե ինչ է ՆԱՏՕ-ն: Ես եղել եմ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաջին դեսպանը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է հնարավոր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կարողանա օգտագործել ՆԱՏՕ-ի զենքը: Ղարաբաղում թուրքական կողմից օգտագործվող կամ Ադրբեջանին տված զենքը ՆԱՏՕ-ինն է: Նույն Bayraktar ԱԹՍ-ները, չնայած թուրքական են, դրանց շարժիչը ավստրիական է, ավիացիոն համակարգը Կանադայից է, արկերի կառավարման համակարգը՝ Մեծ Բրիտանիայից: Դա ՆԱՏՕ-ի զենքն է: Որտեղ է Լեռնային Ղարաբաղը, և որտեղ՝ ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի վրա ճնշումները պետք է շարունակվեն:
ՆԱՏՕ-ին պետք է ճնշել, որ այն էլ ճնշում գործադրի Թուրքիայի վրա: Հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, չի կարող շարունակել ղեկավարել իր անդամներից մեկին, և նրա ակտիվությունը չի ավարտվի Ղարաբաղով,- ասում է նախագահ Սարգսյանը և ընդգծում,- Թուրքիայի այս վարքագիծը փաստացի վարկաբեկում է ՆԱՏՕ-ն: Խոսքը նաև դինոզավրերի ժամանակաշրջանին բնորոշ թուրքական ձևակերպումն է՝ միավորել թյուրքալեզու պետությունները: Իսկ հայկական կողմը մոտ երեք տասնամյակ ասում է, որ պատրաստ է բանակցության:
Արմեն Սարգսյան - Դա ապացուցելու համար պետք չէ շատ հեռու գնալ, ամեն ինչ շատ պարզ է: Հայաստանը մինչև օրս չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Պատճառը շատ պարզ է՝ եթե Հայաստանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, արդեն քննարկելու բան, թերևս, չի մնա:
Մենք բարիդրացիական ու ռազմավարական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանն իր հերթին լավ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, և սա օգտակար է, քանի որ այս առումով Ռուսաստանը կարող է լավ միջնորդի դեր կատարել: Հայերը կռվում են իրենք իրենց համար: Նրանք այս կերպ պայքարել են նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:
Արմեն Սարգսյան - 26 տարի երկու կողմերը քիչ թե շատ իրենց զուսպ էին դրսևորում՝ առանց խաղաղապահների: Անգամ կարելի էր գովազդել, թե՝ տեսեք, Հայաստանում, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև խաղաղապահներ չկան, իսկ զինադադարը պահպանվում է: Սակայն «աչքով տվեցին», այն պատճառով, որ հայտնվեց երրորդ դերակատարը՝ Թուրքիան: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագայում խաղաղապահների տեղակայումը պարտադիր է: Իսկ ահաբեկիչների մասին խոսելով՝ զուր ժամանակ ենք կորցնում. դա փաստ է, դա երևում է արբանյակային ալիքներով: Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կային անհատներ՝ մոջահեդներ, օրինակ, Աֆղանստանից կամ Պակիստանից:
Բայց սա կրոնական պատերազմ չէ: Այս տարածաշրջանը չի կարող դառնալ գլոբալ քրիստոնյա-մուսուլմանական հակամարտության կենտրոն: