Արցախի ռազմաճակատային տարբեր հատվածներում մարտերը օրվա ընթացքում շարունակվել են տարբեր ուժգնությամբ: Առավել լարված մնում են Շուշիի և Բերձորի հատվածները: Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը նշված վայրերում:
Շուշիի հարակից Քարին տակ և Լիսագոր գյուղերում շարունակվում են թշնամու դիվերսիոն ջոկատների հայտնաբերման և ոչնչացման գործողությունները, սակայն նրանց թիվը պարբերաբար համալրվում է: Բերձորից հարավ մի քանի անգամ թշնամին փորձել է առաջ գալ, չի ստացվել․ հայկական բանակին հաջողվել է նույնիսկ որոշ բարելավում ունենալ:
Առավոտից չդադարող հրթիռակոծության է ենթարկվում Ստեփանակերտը: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Արցախի ԱԻՊԾ- Ստեփանակերտը՝ թշնամու թիրախում։ Քաղաքը հրթիռակոծվում է «Գրադ»-ի և «Սմերչ»-ի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
Ավելի ուշ հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը․ «Խուճապի մի՛ մատնվեք։ Ամեն ինչ վերահսկողության տակ է»: Մարտական գործողությունները շարունակվում են Արցախի բոլոր բնագծերում՝ տարբեր ինտենսիվությամբ և փոփոխական հաջողություններով:
Հեղինակ՝ Նաիրի Հոխիկյան