Պատերազմը փոխել է «Մեր տունը» կազմակերպության սաների կենսակերպը: Եթե մինչև պատերազմը նրանց օրը սկսվում էր դասի կամ աշխատանքի գնալով, պատերազմից հետո փակվել են տանը, որ ռազմաճակատի տղաների համար աջակցության փաթեթներ պատրաստեն:
Առանց ծնողական խնամքի մեծացած աղջիկները, որոնք սեփական փորձով են գնահատում ցանկացած աջակցություն, գիտեն, որ յուրաքանչյուր խոսք, սիրո անկեղծ խոստովանություն կամ ամուր հենարան լինելու պատրաստակամություն, սկսած գործը պատվով ավարտելու հավատ է ներշնչում: Եվ որպեսզի կենաց-մահու կռվի ելած տղերքը միշտ ամուր լինեն և պաշտպանված հնարավոր վտանգներից, աղջիկները խաչկարեր են հյուսում, որի վաճառքից գոյացած գումարը ուղարկելու են բանակին:
Արաքսյան եռագույն թևկապը արցախցի երեխաների, իսկ խաչը՝ զինվորների համար է հյուսում: Եղբայրն առաջնագծում է: Ականջը բարի լուրի՝ սպասում է բաղձալի օրվան, երբ կազդարարվի պատերազմի ավարտը: Ո՞վ գիտի՝ գուցե վերադարձողների մեջ նաև ի՛ր հերոսը լինի:
Անահիտի ընտրյալը նույնպես ռազմաճակատում է: Զինվորական պարտադիր ծառայության մեջ էր, երբ հարձակվեցին: Ժիլետը, որ Անահիտը գործում է ճակատի տղաների համար, կուզեր նաև իր սիրեցյալին հասներ: Յուրաքանչյուր հյուսքի մեջ իր սերն ու հավատարմությունն է դրել:
«Մեր տան» աղջիկները ակտիվ մասնակցել են նաև ռազմաճակատ սնունդ, հագուստ ու դեղորայք ուղարկելու գործին: Համավարակի պատճառով փոքր-ինչ պասիվացել են. ժամանակավոր է:
«Մեր տունը» արցախցի ընտանիքների էլ էր հյուրընկալել: 13 օրվա ընթացքում աղջիկները հասցրել են բարեկամանալ իրենց հասակակիցների հետ: Ընտանիքները հիմա Դիլիջանում են, կապը նոր բարեկամների հետ չեն խզում: Սպասում են խաղաղություն լինի, որ փոխայցեր կազմակերպեն:
Եթե մի քիչ աջակցություն լինի, կազմակերպությունը արցախցի այլ ընտանիքների ևս կարող է հյուրընկալել: