1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի, 6-ի դեպքերի քրոնիկոնը:
Բերձորից հարավ մարտեր են ընթացել
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել և, կորցնելով մեկ-երկու զրահատեխնիկա, հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակ։ Բերձորից հարավ ևս մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել և, Հովհաննիսյանի խոսքով, նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ։
Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ։ Մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում՝ բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, սակայն մարտերը չեն դադարում։ Այդ մասին ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է՝ հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է թևերին, թիկունքին, կապուղիներին՝ հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։ Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ Մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակում, Լիսագոր և այլ հատվածներում»,- ասել է Հովհաննիսյանը։
Հակառակորդը Ստեփանակերտը հրթիռակոծել է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից․ ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ ԱԻՊԾ-ից ժամը 17։49 հայտնեցին, որ Ստեփանակերտը թշնամու թիրախում է․ քաղաքը հրթիռակոծվում է «Գրադ» և «Սմերչ» կայանքներից։
Արցախի Մարտունու շրջանում առավոտյան շարունակվել է հրետակոծությունը
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ամբողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը՝ հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:
«Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգնման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում են հնարավորն ու անհնարինը՝ դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ, Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ: Մարտունին՝ իր բնակիչներով, կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու»,- Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝
հայտնել է Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը:
Խոցվել են ևս 5 ԱԹՍ, 13 զրահատեխնիկա, կա 105 զոհ. հակառակորդի թարմացված կորուստները
Ինֆոգրաֆիկա։
Շուշի-Քարին տակ հատվածում հաջողությամբ կասեցվել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը. ԱՀ ՊԲ
Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են՝ հայտնել են ԱՀ ՊԲ-ից: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:Հարավարևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Գիշերը Շուշին պարբերաբար հրթիռակոծության է ենթարկվել
Խաղաղ բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ ԱԻՊԾ-ից հայտնել են, որ կեսգիշերից հետո Շուշիից բացի, Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստը պահպանվել է։ Իսկ բերդաքաղաք Շուշին պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ են խոցել
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 6:45-ի սահմաններում խոցել են հակառակորդի ԱԹՍ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Չորս զինծառայող խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»
Պաշտպանության բանակի չորս զինծառայող խոցել են հակառակորդի մարդուժը տեղափոխող 6 «փիքափ»: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից հրապարակելով չորսի լուսանկարը: