Մաշտոցի փողոցում 43 համարի տրամվայն այսօր սպասում էր արցախցի երեխաներին: Պետք է արցախցի փոքրիկներն էլ լավ ճանաչեն Երևանի դեմքերին ու մեծերին: Իսկ ծանոթությունը սկսվում է մայրաքաղաքայինների ամենասիրելի ներկայացումներից մեկի՝ «Երևանյան տրամվայ»-ի միջոցով:
Աննա Էլբակյան («Երևանյան տրամվայ» ներկայացման գլխավոր ռեժիսոր) - Հենց փողոցի մայթի վրա՝ թատրոնի դիմաց, տրամվայը, որը նախատեսված է որպես տոմսարկղ, հանդիսանում է բեմ, բացվում է, և մենք խաղում ենք «Երևանյան տրամվայ» ներկայացումը:
Բաբաջանյանը, Քոթանջյանը, Ֆրունզիկը, Նովենցն ու ուրիշներ երևանյան հին ու նոր պատմության ամենատարբեր էջերից եկան, պատմեցին, երգեցին, ժպիտ պարգևեցին: Արցախցի փոքրիկներին ուրախացնելու էին եկել նաև Ռեյ Չարլզն ու Չարլի Չապլինը: Իսկ երբ երգեց Ազնավուրը, խամաճիկների պարին միացավ նաև հանդիսատեսը:
Աննա Էլբակյան - Հենց առաջին օրվանից պատերազմի մենք անընդհատ ունենք ներկայացումներ և´ այստեղ, և´ շրջաններում: Նույնիսկ եղել են օրեր, որ մի քանի օր ենք խաղացել Սևանի ու Դիլիջանի երեխաների համար:
Արենը, Մհերը, Գոռն ու Հայկը Ստեփանակերտից են, մեկ ամիս է՝ Երևանում են: Մայրաքաղաքն արդեն սկսել է իրենց դուրն էլ գալ, չնայած Գոռն այլ կարծիքի է:
Տղաներն այստեղ են ընտանիքի գրեթե ամբողջ կազմով, բացակա են հայրերը, իրենք լավ գիտեն, թե ինչու:
Երևանի ամենահայտնի ծաղկավաճառ ծերունու՝ Կարա Բալայի ծաղիկներն էլ հասցրին ստանալ ու մայրիկին նվիրել:
Չարաճճիություն անող ու մայրիկին հերթ չտվող Ռոբերտն է, իր 8 քույր-եղբայրներից ներկայացմանը ներկա են 7-ը: Հանգստացավ, երբ քրոջ՝ Լարիսայի հետ տեղերը փոխեցին:
Ապագա հինգ զինվորի մոր մտքին հաղթանակն է ու խաղաղությամբ Ստեփանակերտ վերադարձը:
Աշխարհի երեխաների սիրելի սուպերհերոսի հագուստով արցախցի փոքրիկները լավ գիտեն, թե ով է իրական հերոսը, և ում են ուզում նմանվել:
Այսպես ոչ միայն արցախցի փոքրիկներին ժպիտ ու ուրախ ժամանց են պարգևում, այլև տոմսերի ամբողջ հասույթն ուղղում են Համահայկական հիմնադրամին: