Իրանը չի հանդուրժի Իսրայելի հետախուզական հենակետերի տեղակայումն իր սահմանների մոտակայքում՝ իրանական Kayhan օրաթերթի հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր խոսնակ, գեներալ Աբուլֆազլ Շեքարչին։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի համատեքստում անդրադառնալով Իրանի սահմանային անվտանգությանը, մասնավորապես նշել է․ «Մեր պահանջն այն է, որ ահաբեկչական խմբերը որևէ կերպ չպետք է տարածաշրջանում հաստատվելու հնարավորություն ունենան։ Ահաբեկիչների ներկայությունը մեզ համար անընդունելի է»։
Գեներալ Շեքարչին, անդրադառնալով Իսրայելին, հավելել է․ «Իսրայելի հետախուզական հենակետերի տեղակայման հարցը ևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Մենք երբեք թույլ չենք տա, որ իսրայելական հենակետերը տեղակայվեն Իրանի սահմանին՝ հակամարտության գոտում»։
Իրանցի բարձրաստիճան զինվորականները բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի տարածքից Իսրայելից սպասվող վտանգների վերաբերյալ։ Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերին Իրանի պաշտպանության և ԶՈՒ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով Իսրայել֊Ադրբեջան ռազմական համագործակցությանը, նշել էր. «Անցյալ տարի իսրայելական անօդաչու ինքնաթիռներից մեկը մուտք էր գործել Իրանի տարածք: Այդ առնչությամբ մենք ադրբեջանական կողմին նախազգուշացրել ենք և հայտնել մեր մտահոգությունը, սակայն Ադրբեջանի նախագահը դժվարությամբ էր ուզում դա ընդունել, բայց ես գնացել եմ Ադրբեջան և անձամբ խոսել Իլհամ Ալիևի հետ: Մեկ տարի անց մեր պնդումը հաստատվեց, անօդաչուն Ադրբեջանի տարածքից էր մուտք գործել Իրան»։
Արդաբիլ նահանգում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյյեդ Հասան Ամելին էլ վերջերս կայացած ուրբաթօրյա աղոթքներից մեկի ընթացքում հայտարարել էր․ «Իրան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով Իսրայելը ներկա է, չմոռանանք, որ տարիներ առաջ Նաթանզում (այստեղ են տեղակայված Իրանի միջուկային կարևոր հաստատությունները) կործանված իսրայելական ԱԹՍ-ն Ադրբեջանի Լենքորան շրջանից էր երկինք բարձրացել: Ամեն ամիս իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Լենքորան և տեղում համապատասխան կարգադրություններ անում»։