Գիշերը առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը: Ճակատից եկող լուրերը հուսադրող են: Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին՝ գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն արևելյան ուղղությամբ ժամը 9:30-ի սահմաններում խփել են հակառակորդի երկու ԱԹՍ: Արցախի Պաշտպանության բանակը լուսադեմին դիտարկել է հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի կուտակումներ ճակատային գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում: Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ: Պաշտպանության բանակից հայտնում են, որ ստորաբաժանումները վերահսկում են օպերատիվ-մարտավարական դրությունը և քայլեր են ձեռնարկում կրակային խոցման ուղղությամբ:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Շուշին շարունակում է մնալ թշնամական կողմի անհասանելի երազանքը։ Թեպետ քաղաքում ավերածությունները բազմաթիվ են, բայց բերդաքաղաքը դիմանում է թշնամու հարվածներին։ Գիշերը պարբերաբար հրթիռակոծության է ենթարկվել նաև Արցախի մայրաքաղաքը։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերին, բնակելի թաղամասերին, հանրային նշանակության օբյեկտներին և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներին։ Նախնական տվյալով տուժածներ չկան։ Ծառայության բոլոր ստորաբաժանումները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ, շարունակում են աշխատել արտակարգ ուժեղացված ռեժիմով: Արցախի փրկարարներն արձագանքում են բոլոր կանչերին և համապատասխան աջակցությունը ցուցաբերում բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն: Պատերազմական գործողություններին զուգահեռ ծառայությանը վերապահված է թիկունքային հումանիտար առաքելությունը:
Առավոտյան Արցախի նախագահը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դիմավորել է իր կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը: «Մեր Հայրենիքի պաշտպանների հետ կանգնած ենք մինչև վերջ: Կենաց-մահու պայքարը շարունակվում է»,- գրել է Արայիկ Հարությունյանը: