Հաղթել հայտնի գրոսմայստերներին. այս նպատակով են Հայաստանի ու Արցախի երեխաները հավաքվել քաղաքի կենտրոնում: Մանեն Ստեփանակերտից է, Լևոն Արոնյանի հետ առաջին անգամ է շախմատ խաղալու: Իր քաղաքը հրետակոծում են, հիմա այդքան էլ տրամադրություն չունի, բայց եկել է հաղթելու՝ վստահ, որ հայրն էլ այնտեղից է ավետելու հաղթանակի լուրը:
Մանե Ադամյան - Լևոն Արոնյանի հետ ակնկալում եմ հետաքրքիր խաղ, եթե հաղթեմ, հաղթանակս կնվիրեմ Արցախին և բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են հաղթանակի համար:
Լևոն Արոնյանն ու Մանուել Պետրոսյանը հերթով, ավելի քան 2 տասնյակ երեխաներին մոտենում, իրենց քայլն են անում: Ընտրել են լավագույններին, որոնց շախմատային լավ ապագա է սպասվում: Արոնյանն ասում է՝ հոգեբանական թեթև լարվածություն կա, բայց քայլերը խելացի են:
Մրցաշարը բարեգործական է: Նախաձեռնող խումբն այն անվանել է «Մատ՝ տեռորին», որովհետև Արցախում մեր պայքարը ահաբեկիչների դեմ է:
Լևոն Արոնյան (գրոսմայստեր) - Այս պահին մեր թշնամին օգտագործում է ահաբեկիչներին, անմարդկային քայլեր անում: Մենք այսօր դրամահավաք ենք անում, և ես իմ մայրիկի գիրքն եմ վաճառում, և սեանս ենք տալիս, որ գումարներ հավաքենք ու ուղարկենք մեր Արցախի եղբայրներին:
Ռոբերտը շախմատ խաղում է արդեն 6 տարի: Լևոնի հետ առաջին անգամ ուժերը փորձել է մի քանի տարի առաջ: Խաղացել են ոչ-ոքի: Ասում է՝ այդ ժամանակ մեծ շախմատիստին հաղթելը գրեթե անհնար էր, հիմա փորձում է սխալն ուղղել:
Ռոբերտ Փիլիպոսյան - Շատ դժվար է խաղալ ուժեղ գրոսմայստերների հետ, ամեն դեպքում հետաքրքիր է, եթե ինձ հաջողվի հաղթել, հաղթանակս կնվիրեմ Հայոց բանակին:
Արցախը դժվար օրեր է ապրում: Արոնյանը հաղթանակ է մաղթում նախ՝ թիկունքին, սա շատ կարևոր է, ասում է, այստեղից են սկսվում ճակատի հաջողությունները:
Լևոն Արոնյան - Միշտ եղել է վերածնունդ մեր ազգի, միշտ եղել է մի նոր սկիզբ, և պետք է շարունակենք պայքարել, պետք է լինենք ավելի ուժեղ և ավելի նվիրյալ մեր ազգին:
Մտքի խաղի վարպետներն իրենց ուժը փոխանցում են ճակատ, որը հայ զինվորը սեպտեմբերի 27-ից սկսած ու այդպես էլ չավարտած օրը պսակի հաջողությամբ: