ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հանդիպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ։
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի դպրոցականների, քոլեջների և ուսումնարանների ուսանողների կրթության կազմակերպման հարցերը։
Ինչ վերաբերում է բարձրագույն ուսումնական հաստատություններին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանն արդեն իսկ իրականացնում է դասընթացներն առցանց։
Արցախի պետական համալսարանը առցանց ուսուցման կանցնի նոյեմբերի 10-ից։
Արցախում գործող մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունները ևս շուտով հանդես կգան ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ տեղեկատվությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված ընտանիքների դպրոցահասակ երեխաների հաշվառման և դպրոցներում տեղավորման հարցը։ Այս պահին այդ, ինչպես նաև կրթության կարիքների հստակեցման (դասագրքեր, գրենական պիտույքներ, տեխնիկական միջոցներ) ուղղությամբ աշխատանքներ են տարվում մարզպետարանների կրթության վարչությունների հետ։
ԱՀ ԿԳՄ նախարարությունը հստակեցնում է նաև ուսուցիչների համակազմն ըստ առարկաների, և այն պարագայում, երբ կլինի կարիքը, նրանք հնարավորություն կունենան համագործակցելու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, կդասավանդեն նաև Արցախից ժամանակավորապես տեղափոխված ուսուցիչները։