Կարի արհեստանոց հիշեցնող այս ընդարձակ սրահը Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճներից մեկն է, որտեղ սովորաբար դրամատիկականի դերասանները փորձեր են անում, պատրաստվում ներկայացումների։ Արդեն մի քանի օր աճեմյանական թիմը հիշեցնում է շատ կազմակերպված կարի արտադրամաս, որտեղ օրական 150-200 գլխարկ են կարում սահմանի զինվորի համար։
Գաղափարի հեղինակը Տիգրան Բարսեղյանն է։ Ասում է՝ սկզբում թատրոնն օգնեց՝ սեփական ֆոնդից համահայկական հիմնադրամին փոխանցում կատարելով, հետո որոշեցին ներկայացում խաղալ ու հասույթն ուղղել հիմնադրամ, ավելի ուշ, երբ արտադրամասերից մեկում տեսավ, որ գլխարկ կարելն այնքան էլ դժվար չէ, առաջարկությունով հանդես եկավ՝ գլխարկ կարել սահմանի զինվորի համար։
Դերձակները ևս թատրոնի անձնակազմից են, շատ արագ դերասանական թիմը վերամասնագիտացավ դերձակների կազմակերպված թիմի՝ ասում է Բարսեղյանը։
Երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանը և՛ փորձերի է մասնակցում, և՛ աշխատում է հետ չմնալ կարի արտադրամասի գործերից։ Օրվա ավարտին կմեկնի Երևան, հյուրախաղերի է, հասույթը դարձյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցեն։ Նա սահմանին ընկերներ ունի, գլխարկներ, տաք ողջույններ կուղարկի նրանց։
Գլխարկները կպաշտպանեն ցրտից, քամուց ու թշնամուց՝ վստահ են գյումրեցի դերասանները։ Զուգահեռ՝ աճեմյանցիները կշարունակեն ներկայացումներ բեմադրել, հանդես կգան հյուրախաղերով՝ կազմակերպված ու հաղթական պահելով թիկունքը՝ այնքան ժամանակ, որքան կպահանջվի մինչև պատերազմի հաղթանակ: