ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այսօր նոր գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակային զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, նշելով, որ դրանք միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։
Հայտարարությունում ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։ Նշվել է, որ այդ զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։