Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը վերջին մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել․ ԱՀԿ-ն հայտնել է վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային թվի մասին՝ ավելի քան 3.3 մլն դեպք: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնի, մահերի թիվը գերազանցում է 1 միլիոնը: Վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 10 մլն 60 հազար 464 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 242 հազար 256 է:
Եվրոպան դարձել է վարակի տարածման նոր էպիկենտրոնը վերջին 3 շաբաթվա ընթացքում: Աթենքի փողոցներն են՝ դատարկ. Հունաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 3 շաբաթյա խիստ արգելափակումներ են սահմանվել: Փետրվարին Հունաստանին հաջողվեց զսպել Քովիդի տարածումը, երկրորդ ալիքը կանխելու միակ միջոցը, սակայն, երկրի կառավարությունը ամբողջական լոքդաունը համարեց: Հունաստանում փողոց դուրս գալու համար պետք է պաշտոնական թույլտվություն ունենալ:
Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում 60 հազարից ավելի դեպք է հայտնաբերվել, ինչը համաճարակի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Երկրում պարետային ժամ է հայտարարված: Ֆրանսիայում նոր սահմանափակումները, սակայն, բողոքի ալիք են բարձրացրել: Մարդիկ պահանջում են վերացնել արգելքներն ու թույլ տալ տնտեսությանը շնչել: Ֆրանսիացի ուսանողներն էլ պահանջում են բացել ուսումնական հաստատություններն ու չխոչընդոտել կրթություն ստանալու իրենց իրավունքը:
Գերմանիայում նույնպես կորոնավիրուսի հաստատված դեպքերը ռեկորդներ են սահմանում: Գերմանիայում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թվի աճի պատճառով սահմանված են կարանտինային կոշտ միջոցառումներ։ Ռեստորանները, բարերն ու կինոթատրոնները դադարեցրել են աշխատանքը։ Գերմանացիները նույնպես բողոքի ցույցեր են սկսել՝ պահանջելով իշխանությունից դադարեցնել արգելափակումներն ու չեղյալ համարել կոշտ սահմանափակումները:
Խիստ սահմանափակումներ են գործում նաև Մեծ Բրիտանիայում: Երկրի տարածքում սկսվել են մասայական թեստավորումները:
Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 663 հազար 800 վարակվածության ընդհանուր, 37 հազար 409 մահվան դեպքով: Թուրքիան 26-րդ տեղում է: Այստեղ կա կորոնավիրուսով վարակվածության 389 հազար 256 հաստատված դեպք: Վարակի հետևանքով մահացել է 10 հազար 722 մարդ: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 54 հազար 852-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 441 մարդ: Վրաստանում գործում է տեղաշարժի սահմանափակում է, և այդ արգելքը խախտելու համար կգործի պատժամիջոց, որը ֆիզիկական անձի դեպքում կազմում է 2000 լարի, իրավաբանական անձի դեպքում՝ 10 հազար լարի: