Ռազմաճակատում պատերազմը շարունակվում է: Թշնամու գլխավոր թիրախում Շուշին է: Բերդաքաղաքը գրավելու բաղձալի երազանքին հասնելու համար հակառակորդը փորձում է այս ուղղությամբ հաջողություն ունենալ: Շուշի-Քարինտակ հատվածում համառ ու ինտենսիվ մարտեր են:
Պատերազմի աստված հրետանին հարավարևմտյան հատվածում գործել է դիպուկ կրակով: Հարձակման մի քանի փորձ է եղել, բայց մերոնք հաջողությամբ կասեցրել են: Պաշտպանության բանակի հրետանավորները ոչնչացրել են մեծ քանակի ռազմատեխնիկա և մարդուժ: Այս լուսանկարում հերոսներ են՝ հրամանատարն իր զինվորների հետ. չորսով՝ դիպուկ հարվածներով խոցել են զինվորներ տեղափոխող 6 «փիքափ»:
Հարավարևելյան և հարավային ուղղություններում մեր ուժերը խոցել են նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող երկու միավոր ավտոտեխնիկա և չորս անօդաչու թռչող սարք:
Ադրբեջանը շարունակում է երազել՝ խանդավառությամբ: Թշնամու քարոզչամեքենան հերթական կեղծիքն է տարածել, թե իբր գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը վիրավոր է: Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքում գրել է.
Վահրամ Պողոսյան (ԱՀ նախագահի խոսնակ) - Թշնամին խոր պատճառներ ունի դրա մասին աղաղակելու, քանի որ գեներալ Օհանյանից ստացած հերթական դասը շատ ցավոտ է եղել, ու, համոզված եմ, դեռ էլի կստանա, որովհետև նա ողջ և առողջ է ու լիարժեք կատարում է իրեն վստահված պարտականությունները:
Գիշերը ազդանշանների ձայները համեմատաբար քիչ են եղել խաղաղ բնակավայրերում։ Ստեփանակերտում և մյուս քաղաքներում հարաբերական հանգիստ է եղել, օդային տագնապի ազդանշան քաղաքում գրեթե չի լսվել. բայց ահա բերդաքաղաք Շուշին կեսգիշերից հետո պարբերաբար հրթիռակոծվել է: