«Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ բելգիական La Libre Belgique հեղինակավոր պարբերականի հետ զրույցում: Սարգսյանը հավելել է՝ Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Այդ երկիրն ամենուր անկայունություն է ստեղծում և, այդ անելով, խախտում ստատուս քվոն, որ իր դերն ավելի կարևորի:
«Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր է: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի Տրանսանատոլիական, հետո՝ Տրանսադրիատիկ գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից»:
Էներգետիկ հոսքերից զատ Անկարան Եվրոպայի դեմ է օգտագործում նաև փախստականների և ահաբեկիչների գործոնը: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ այդ երկիրը կարող է կայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Սակայն Անկարան չի ցանկանում դա անել: Փոխարենն այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում Մոսկվան:
«Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Դա Մինսկի խմբում համանախագահող պետություն է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան դեր ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել»:
Հնարավո՞ր են բանակցություններ առկա պայմաններում, նախագահ Սարգսյանը պատասխանել է՝ եթե հաստատվի հրադադար, բանակցությունների վերսկսման համար կստեղծվեն պայմաններ:
«Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է»:
Արմեն Սարգսյանը նաև վերահաստատել է՝ պատերազմը սկսել է Ադրբեջանը: Արցախի համար իմաստ չկար ռազմական գործողությունների դիմել, քանի որ այդ ճանապարհով խնդիրն արդեն լուծվել էր 1994 թվականին: