Ճակատում, այո, կարող են լինել ծանր դրություն, նահանջ, կորուստներ, բայց առանձին իրավիճակի, տեղամասի, բնակավայրի, ստորաբաժանման մասին ճիշտ չէ գնահատականներ տալ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք ամփոփում ենք ընդհանուր իրավիճակը, ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, և, եթե մենք առաջնորդվենք այդ գնահատականներով և տրամաբանությամբ, ինչ պատասխան պետք է տանք առաջնագծում կռիվ տվող զինվորին: Պետք է զորքի մարտունակությունը պահենք, որպեսզի կարողանանք հաղթանակներ կռել»:
Հովհաննիսյանը շարունակեց. «Հավատացեք, եթե նշանակալի նահանջ ենք ունենում, մենք հայտնում ենք, իսկ եթե դուք շուտ եք իմանում, քանի որ ինչ-որ մեկը ձեզ հայտնել է, ես չեմ կարող դա ասել, քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս այդտեղ: Ես չեմ կարող ասել, որ, օրինակ, Հադրութը կորցրել ենք, քանի դեռ մարդիկ կռվում են այնտեղ: Նրանք մեր վստահությունն են ուզում, որ շարունակեն պայքարել:
Մեզ չի սազում խուճապային տրամադրություները, և ես ձեզ խնդրում եմ՝ մեր նահանջները, մեր կորուստները մեզ չպետք է կոտրեն, քանի որ մենք մեր տունն ենք պահում, մեր տեսակը:
Ձեր պատկերացումները մի՛ ներկայացրեք որպես վերջին ճշմարտություն և մի՛ նշեք բաներ, որոնցից կտուժի ՀՀ և ԱՀ անվտանգությունը»:
ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Դավիթ Բեկ գյուղում, ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, օրվա ընթացքում եղել են հրետակոծության դեպքեր, փոքր հետախուզական գործողությունների փորձեր, բայց ծանր մարտական գործողություններ չեն ընթացել: