Մուտքի դուռը միշտ բաց է՝ անկախ եղանակից: Ցրտին էլ չի զլանում տաքություն ուղարկել բոլորին՝ պատրաստ է անդադար երգել, ուղերձ հղել աշխարհին՝ եթե լռեք էլ՝ ապրելու ենք:
Նոտաներ չգիտի, քիմիկոս է: Մի օր էլ սկսեց նկարել: Կտավները՝ մի քանի տասնյակ: Պատերազմի առաջին օրը որոշեց բոլոր գործերը վաճառքի հանել, գումարը փոխանցել համահայկական հիմնադրամին: Հետո էլի կնկարի՝ արդեն նոր թեմաներով՝ խաղաղության և արևոտ Արցախի համար:
Գոհար Հարությունյան - Երկու օրվա մեջ չորս նկար նկարեցի, 100 հազարը փոխանցեցի հիմնադրամին, այդ պահին հաղթանակի պահը ամեն մեկիս ներդրումով սկսեց:
Չորսը դարձավ տասը, և այդպես ամեն օր զանգում, խնդրում են գործը չվաճառել, մինչև հասնեն: Ինքը գին չի սահմանել, բայց չի էլ դժգոհում՝ գնորդը գիտի նպատակը. երբեմն մեծ գումար են առաջարկում: Արդեն կորցրել է փոխանցումների չափն ու քանակը:
Երբեք չի պատկերացրել՝ որ իր դիմանկարն էլ կվաճառի: Հայտարարությունից մեկ ժամ էլ չէր անցել, ընկերներներն արձագանքեցին յուրօրինակ առաջարկով՝ դիմանկարը կգնեն, կնվիրեն իրեն, գումարն էլ՝ 1000 դոլար, կփոխանցեն հիմնադրամին: Հետո անսպասելի զանգ Միացյալ Նահանգներից՝ անծանոթը պատրաստ է դիմանկարի համար 500 դոլար փոխանցել, բայց կտավը մնա պատից կախված:
Գոհար Հարությունյան - Սա էլ մեծ, թանկ հիշատակ դարձավ ինձ, որովհետև ինքն էլ է մասնակից դարձել մեր մեծ հաղթանակին:
Ոչինչ դեն չի նետում: Բավական է ձեռքն ափսե ընկնի, կդարձնի գունավոր աշխատանք: Հայի կերպարը, նուռը Գոհարի սիմվոլներն են, կնկարի անդադար, կվաճառի, միայն թե օգնած լինի:
Տունը փոքր է, սիրտը՝ մեծ: Նամակ ուղարկեց՝ պատրաստ է հյուրընկալելու Արցախից եկած հայրենակիցներին: Չորս ընտանիք ընդունեց: Երեքը տեղափոխվեցին հարազատների մոտ, իսկ Լիաննային և Սաթենիկին Գոհարը բաց չի թողնում: Ընտանիքը Թալիշից է եկել, կմնան՝ ինչքան պետք է: Ամուսինը առաջնագծում է, զանգելուց միայն ուրախալի լուրեր է փոխանցում:
Լիաննա Աբրահամյան - Որ զանգում է ի՞նչ է ասում՝ ոչ մի բան, ամեն ինչ լավ ա ու վե՛րջ:
Թալիշ կգնան, Գոհարը կտանի՝ հաղթանակից հետո: Մինչ այդ հետևում են հայտարարություններին՝ որտեղ կամավոր է պետք՝ գնում են օգնելու: Գոհարը շտապում է վերջին հայտարարության հետևից՝ խոհարար է պետք: Ինքը գիտի՝ համով է պատրաստում, կհավանեն: Երեկոյան էլ հավաքվում են թեյի սեղանի շուրջ՝ գլխարկ ու գուլպաներ են գործում՝ հանկարծ տղերքը սահմանին չմրսեն: