2020 թ. նոյեմբերի 5-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության կազմակերպած «Վերակառուցելով ավելի լավը. իրական շահառուների թափանցիկության դերը ճգնաժամի ընթացքում» խորագրով հեռավար հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Հարավային Ասիայի և համագործակցության հարցերով պետնախարար Ուիմբելդոնի լորդ Ահմադը, ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի փոխնախագահ Էլիսա դե Անդա Մադրազոն, Արժույթի միջազգային հիմնադրամի, Բաց կառավարման գործընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ։
Քննարկման ընթացքում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Բաց կառավարման գործընկերությանն արդյունավետ համագործակցության և իրավաբանական անձանց իրական շահառուների թափանցիկության բարձրացմանն ուղղված շարունակական աջակցություն տրամադրելու համար: Նախարարն իր ելույթում վերահաստատել է իրական շահառուների բացահայտման ուղղությամբ Հայաստանի՝ որպես առաջնորդող պետության հանձնառությունը։ Ռուստամ Բադասյանն այդ առումով ներկայացրել է վերջին ժամանահատվածում իրականացված հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումները, իրական շահառուների վերաբերյալ առկա իրավակարգավորումներն ու նախատեսվող ինստիտուցիոնալ փոփոխությունները։ Իր խոսքում նախարարը կարևորել է իրական շահառուների բացահայտմանն ուղղված բաց ու հանրամատչելի հայտարարագրերի ինստիտուտի ներդրումն ու ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանում ձեռնարկված աստիճանական փոփոխությունները։
Բրիտանացիների կազմակերպած միջոցառման շրջանակում նախարարն անդրադարձել է նաև Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ մատնանշելով ռազմական գործողություններում մեծաքանակ վարձկան ահաբեկիչների մասնակցությունը, ինչպես նաև միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից հավաքագրված պատերազմական հանցագործությունները հավաստող ապացույցները։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է օրենսդրական և այլ մեխանիզմների շարունակական մշակման կարևորությունը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործում՝ միաժամանակ կոչ անելով նախաձեռնության առաջնորդող մյուս պետություններին՝ գործնականում ապահովելու սահմանված առնվազն նվազագույն չափորոշիչները՝ նշելով, որ հակառակ դեպքում հասարակությունները չեն ընդունի այս փոփոխությունները և չեն հավատա, որ բարեփոխումներն անհրաժեշտ են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրական պայքարի համար։
Նախարարը հույս է հայտնել, որ պետությունների միասնական ջանքերն առարկայական արդյունքների կհանգեցնեն, և կներդրվեն հաշվետվողականության պատշաճ մեխանիզմներ այն պետությունների դեմ, որոնք ոչ միայն մերժում և չեն իրականացնում նվազագույն չափորոշիչները, այլև հենց իրենք ներգրավված են ահաբեկչության ֆինանսավորման գործում։