Փոքրիկ արցախցին Մաչանենց կենտրոնում անցկացրած իր ծննդյան օրը երկար կհիշի՝ հեքիաթների հերոսներ, ուրախ տրամադրություն, տորթ, փուչիկներ ու այսքան ընկերներ որևէ տարեդարձի չեն եղել: Առաջնագծի զինվորներն էլ հաղթանակ կնվիրեն, ու տուն գնալը օրերի հարց կդառնա: Մի քիչ էլ՝ մոմերը փչելուց առաջ պահած երազանքը իրականություն կդառնա..
Պատերազմի առաջին օրերից Մաչանենց մշակութային կենտրոնը հյուրընկալ տանիք է դարձել արցախցի բազմանդամ ընտանիքների համար: Նրանք այստեղ ոչ թե օրեր են գլորում, այլ՝ շփվում պատմամշակութային նյութերի ու վավերագրությունների հետ, որոնցում ամփոփված են հայի կյանքն ու պայքարը՝ կենցաղավարությունից մինչև գոյամարտ, տառաստեղծումից մինչև արդի տեխնոլոգիաներ:
Ապրել Մաչանենց կենտրոնում ու զերծ մնալ արարելուց, արցախցու համար չէ: Արցախցին չի սիրում օրեր մաշել պարապության մեջ, վիրավորվում է «օգնել» ու «սատարել» ձևակերպումներից, որովհետև սովոր է, երբ ոչ թե իրեն են ձեռք մեկնում, այլ ինքն է օգնում: Վստահ են, որ պատերազմը հաղթելու են, բայց, ասում են՝ պետք է կարողանալ հաղթահարել նաև այն դժվարությունները, որ բերում է պատերազմը տնտեսության մեջ: Մաչանենց կենտրոնում փոքրիկ տնտեսություն են հիմնել՝ ժենգյալով հաց, թերթերուկ ու կճխաշ են պատրաստում ու վաճառում:
Մաչանենց կենտրոնում փորձում են իրենց հյուրընկալած արցախցիներին սովորեցնել սպասարկման ոլորտի նրբությունները, որ խաղաղություն հաստատվելուց հետո գնան Արցախ ու, եթե ցանկություն ունենան այդ ոլորտում բիզնես հիմնել, դժվարությունների չհանդիպեն: Մի կողմում ազգային խոհանոցի դասընթացներն են, մյուսում՝ արվեստի դպրոցի ու խմբակների դասերը երեխաների համար:
Մաչանենց մշակութային կենտրոնում ապրող ընտանիքներում բոլորը երեքից ավելի երեխաներ ունեն: Պետք է ապրենք ու հաղթենք նաև շատ երեխաներ ունենալով՝ ասում են արցախցի կանայք:
Թեև կենտրոնում արցախցիների օրերը բուռն ու հետաքրքիր է անցնում, երազում են հայրենի Արցախ վերադառնալու մասին: Կիսատ գործեր ունեն, պետք է ավարտել. ոչինչ, որ թշնամին հրետակոծել է իրենց տները, ոչնչացրել ստեղծածն ու արարածը: Կգնան, նորից կսկսեն՝ միայն թե պատերազմը շուտ վերջանա ու վերջնական հաղթանակ լինի: