Հին ժամանակներում արցախցիները հավկիթին մոգական զորություն էին վերագրում: Հավկիթը դնում էին ջրով լի թասի մեջ և զետեղում այն առարկայի կողքին, որն անհրաժեշտ էր պաշտպանել չար աչքից: Բացի այդ, տան դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով կամ մանր ուլունքներով նախշազարդված հավկիթ, որը գրավում էր ներս մտնողի ուշադրությունը և փրկում չար աչքից: Եթե ներս մտնողը չար աչք էր ունենում, հավկիթը ճաքում էր: Գորգ ու կարպետ գործելիս հաստոցի մոտ ևս հավկիթ էին դնում:
Նույնն անում էին նաև հաց թխելիս, որպեսզի թոնրին չար աչք չդիպչի, հացն առատ լինի: Զատկին փեսացուի մայրը, տարբեր նվերների հետ մեկտեղ, ներկած և նախշազարդ (մինչև 100 հատ) հավկիթներ էր տանում հարսնացուի տուն: Կարմիր հավկիթները խորհրդանշում են Հիսուսի արյունը և հարության գաղափարը:
Գերբնական հատկություններ էին վերագրվում նաև ալյուրին և հացին: Հարսանիքի համար ալյուր մաղողը, յուրաքանչյուր բուռ ալյուրը լցնելով, ասում էր՝ «էս հորս փայը, էս մորս փայը» և բոլոր ննջեցյալների օրհնությունն էր հայցում նորապսակների համար: Ծեսի համար թխվող հացերից բաժանում էին բոլոր բարեկամներին, քանի որ հացը բարիքի, առատության, երջանկության, բարօրության խորհրդանիշ էր համարվում: