1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, 31-ի, նոյեմբերի 1-ի , 2-ի, 3-ի, 4-ի , 5-ի դեպքերի քրոնիկոնը:
Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա․ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ
«Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ոչ թե Թուրքիայի զինված ուժերի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ»,- վստահեցրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինի այսօրվա հայտարարությանը, որում նա խոսել է թուրքական հետախուզության՝ Ադրբեջանի օգտին աշխատելու մասին: ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է․ «Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա։ Կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում, Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում»։
Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր. ՊՆ ներկայացուցիչ
Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ անցնող գիշերը բավականին ինտենսիվ, ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշիի մերձակայքում ու Շուշի տանող ճանապարհներին: Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր,- հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» գործողությունը հաջողությամբ շարունակվում է։ Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերը, վարձկանները և մնացած թափթփուկներից՝ Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել։ Առաջիկայում համապատասխան տեսանյութերն ու ֆոտոնյութերը կլինեն»,- վստահեցրել է Հովհաննիսյանը։
11-ամյա վարորդը․ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե 11-ամյա Աշոտն ինչպես է հրետակոծության ներքո Արցախից մինչև Հայաստանի սահմանագոտի վարել մեքենան՝ իր հետ բերելով ընտանիքին ու մտերիմներին։ Փոքրիկն անկեղծացել է՝ պատմելով, որ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը։ Արցախում կռվող հորից հեռու, Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են՝ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, երբ կվերադառնան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։
Ադրբեջանը հրթիռակոծել է Տիգրանակերտի հնագիտական ճամբարը
Ադրբեջանը հրթիռակոծել է «Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցին» հարակից հնագիտական ճամբարը։ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է մշակութային ժառանգության հուշարձանները: Հայտնում են ԱՀ ՄԻՊ-ից։
Հակառակորդի կորուստները
Ինֆոգրաֆիկա
Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման. Աննա Հակոբյան
Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ջոկատը կոչել են Տիգրան Մեծի դստեր՝ Մեծ Հայքի թագուհի Էրատոյի անունով։
Շուշիում ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանը շարունակում է պատերազմական հանցագործությունները։ Նշվում է, որ օրվա ընթացքում (կեսօրից հետո) կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս պատճառել բնակիչներին։ «Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում, վնասել տանիքները, պատշգամբներն ու ջարդել լուսամուտները։ Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Թշնամական ուժերի հաջորդ թիրախը Շուշին է։ Ադրբեջանա-թուրքական հանցավոր ագրեսիայի հետևանքով Արցախի մշակույթի մայրաքաղաքում ևս ավերածություններն ու վնասների չափն անհաշիվ են»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Պատերազմի 40 օրվա ընթացքում ՀՀ և ԱՀ տարածքում ոչնչացվել է ավելի քան 2000 հա անտառածածկ տարածք
Պատերազմի ավելի քան 40 օրվա ընթացքում Ադրբեջանի կողմից որդեգրած հակաբնապահպանական ռազմավարության հետևանքով Արցախի Հանրապետության տարածքում նախնական տվյալներով ոչնչացվել է ավելի քան 1800 հեկտար անտառածածկ տարածք։ Նմանօրինակ գործելաոճը շարունակվում է մինչ օրս։ Անտառային հրդեհները որպես մարտավարական խնդիրների լուծման միջոց կիրառող ադրբեջանական կողմն իր գործողություններով ոչ միայն խախտում է միջազգային մի շարք կոնվենցիաներ, այլև ուղղակիորեն ոչնչացնում է տարածաշրջանի էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկն ու կարմիրգրքյան կենդանատեսակների արեալ հանդիսացող տարածքները։ Այս և մի շարք այլ տվյալներ է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ադրբեջանական հերթական կեղծիքը՝ այս անգամ տեսանյութի տեսքով. Infocheck
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ այս անգամ տեսանյութի տեսքով՝ հայտնել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Տելեգրամյան մի շարք ալիքներում տարածված տեսանյութում երևում է մզկիթից կախված ադրբեջանական դրոշը։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանական բանակի՝ Շուշի ներխուժման ապացույց։ «Համոզվելու համար, որ գործ ունենք հերթական կեղծիքի հետ՝ բավարար է ընդամենը համեմատել դրանում առկա շինությունը Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթի հետ։ Ինչպես երևում է լուսանկարից՝ Շուշիի մզկիթը բոլորովին այլ ճարտարապետական տեսք ունի»,- նշել է կենտրոնը։
ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ԱԹՍ. ՊՆ խոսնակ
«ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 11:30-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ»,- տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ստեփանակերտը հրթիռակոծվել է կասետային ռումբերով. ԱՀ ԱԻՊԾ
«Թշնամու թիրախում քաղաքն է` բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։ Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան»,-
ասված է ԱՀ ԱԻՊԾ հայտարարության մեջ։
Ստեփանակերտում հրթիռակոծությունից զոհվել է 3 մարդ. ԱՀ ԱԻՊԾ
«Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է: Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել է քաղաքացիական 3 անձ: Արցախի փրկարար ուժերը դիերը հանել են փլատակների տակից: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները»,- տեղեկացրել է Արցախի ԱԻՊԾ-ն՝ հրապարակելով լուսանկարներ Ստեփանակերտի հրթիռակոծությունից:
Հակառակորդը շարունակում է հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավարևմտյան հատվածներում՝ տեղեկացրել են ԱՀ ՊԲ-ից: Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավարևմտյան՝ Բերձորի հատվածում՝ տեղեկացրել է ԱՀ ՊԲ-ն:
«Դժոխքի ձոր». ադրբեջանական ոչնչացված ստորաբաժանումը՝ մեծ քանակությամբ տեխնիկայով և մարդուժով
Տեսանյութ։
Հակառակորդն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ է պահել Շուշին ու Ստեփանակերտը. կան զոհեր. ԱՀ ԱԻՊԾ
Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Ադրբեջանաթուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել է մի քանի բնակելի տուն, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Դեպքերի վայրերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ։
11-ամյա վարորդը․ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել
«Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե 11-ամյա Աշոտն ինչպես է հրետակոծության ներքո Արցախից մինչև Հայաստանի սահմանագոտի վարել մեքենան՝ իր հետ բերելով ընտանիքին ու մտերիմներին։ Փոքրիկն անկեղծացել է՝ պատմելով, որ երբեք չի մոռանա այդ օրն ու ճանապարհի ամեն մի ոլորանը։ Արցախում կռվող հորից հեռու, Վեդիում ժամանակավոր ապաստան գտած Սարգսյաններն ասում են՝ անհամբեր սպասում են հաղթանակի օրվան, երբ կվերադառնան, կգրկեն հորն ու նորից կապրեն ազատ ու անկախ Արցախում։