Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում՝ գիշեր, թե ցերեկ։ Մասնավորապես՝ Շուշիի հարակից տարածքներում՝ բուն քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, սակայն մարտերը չեն դադարում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ես երեկ նշեցի, որ մենք պաշտպանեցինք Շուշին, բայց ինչպես երևում է՝ հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է թևերին, թիկունքին, կապուղիներին՝ հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են և շարունակական։ Ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ Մարտեր են ընթանում նաև Շուշիին մոտեցող ուղղություններում՝ Քարին տակում, Լիսագոր և այլ հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ հայ զորականը պայքարում է մինչև վերջ, մեր բոլորիս պարտքն է հավատալ հայ զինվորականին, վստահել, և այս պահին տեղին չեն որևէ տեսակի այլ դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման մասին մտքերն ու խոսակցությունները։
Հովհաննիսյանը հայտնեց, որ օրվա ընթացքում եղել են մարտեր նաև այլ ուղղություններում։ Մարտունու ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել և, կորցնելով մեկ - երկու զրահատեխնիկա, հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով մի քանի դիակ։ Բերձորից հարավ ևս մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն կարողացել, կորուստներ են կրել և, Հովհաննիսյանի խոսքով, նույնիսկ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել այդ ուղղությամբ։
«Այլ ուղղություններում ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, ամբողջ օրը և՛ դիրքերի ուղղությամբ, և՛ բնակավայրերի ուղղությամբ ընթացել են հրետանային միջոցների կիրառություն, հրետակոծություններ՝ ոչ մեծ մասշտաբի, բայց ընթացել են։ Այսօր էլ, այս րոպեին էլ մեր զորքերը Շուշիի համար պայքարում են։ Մեր բոլորի պարտքն է վճռականորեն վստահել ու հավատալ մեր զորքին, որպեսզի Շուշին մնա կանգուն»,-ասաց Հովհաննիսյանը։