Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը։
Դեսպանը նախարարին է ներկայացրել և կոչ արել դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, Թուրքիայի ռազմաքաղաքական ներգրավվածությունը պատերազմին, և վերջինիս կողմից Արցախի բնակչության դեմ պատերազմելու համար տարածաշրջան վարձկան զինյալների և ահաբեկիչների տեղափոխումը, թուրք-ադրբեջանական տանդեմի՝ հումանիտար զինադադարի մասին համաձայնությունների և հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ մասսայական ոչնչացման կասետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը, որը ևս մեկ անգամ վկայում է հակառակորդի ցեղասպան մտադրության մասին։
Դեսպանը հատուկ շեշտել է, որ իրողություններն ապացուցում են, որ տվյալ իրավիճակից միակ ելքը «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառումն ու Արցախի ազատ ապրելու իրավունքի ճանաչումն է։ Երկու կողմերը վերահաստատել են իրենց համոզմունքը, որ ԼՂ հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չկա։
ՀՀ դեսպանի խոսքով՝ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումների, սակայն երբեք՝ զիջումների: