Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վերաբերյալ Թեհրանի պատրաստած առաջարկությունների փաթեթը քննարկելու նպատակով օրերս այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, ապա՝ Թուրքիա:
Թեև իրանական կողմն ամբողջությամբ չի հրապարակել առաջարկությունների փաթեթը, սակայն տարածաշրջանային այցի ընթացքում Աբբաս Արաղչիի կողմից իրանական առաջարկության որոշ դրույթների հրապարակումից հետո կարելի է մի քանի դատողություն անել:
Ինչպես հաճախ պատահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների ներկայացման կամ ԼՂ հակամարտության վերաբերյալ նրանց հայտարարությունների ժամանակ, այնպես էլ իրանական նախաձեռնության դեպքում, կողմերից յուրաքանչյուրը փորձում է առաջարկության փաթեթում առկա կետերն օգտագործել հօգուտ իրեն:
Այդպիսի ակնհայտ դրսևորում ցուցաբերեց ադրբեջանական կողմը, որը, հիմնվելով միայն իրանական առաջարկության մեկ դրույթի վրա (տարածքային), հայտարարեց, թե ողջունում է այն՝ անտեսելով ահաբեկչության վտանգի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև խաղաղ բնակչության անվտանգության առնչությամբ իրանական կողմից հնչող մտահոգությունները։
Իրանական առաջարկի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության վերաբերյալ Իրանի նախագահի հատուկ բանագնացի ակնարկն ընկալվեց Իրանի կողմից Մինսկի խումբը կազմալուծելուն ուղղված քայլ։ Սակայն, իրականում, Թեհրանն առաջին անգամը չէ, որ խոսում է Մինսկի խմբի «անարդյունավետ» գործունեության վերաբերյալ։ Դրա մասին իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս խոսել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը (2012-2016 թթ․)։
Աբբաս Արաղչիի՝ Բաքվում, Մոսկվայում, Երևանում և Անկարայում արած հայտարարությունները վերլուծելիս կարելի է նկատել, որ իրանական կողմը փորձել է իր ծրագիրը ներկայացնելիս հաշվի առնել նշված մայրաքաղաքների առաջնահերթությունները։ Հետևաբար, Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Արաղչիի արած հայտարարությունը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ։
Իրանական ծրագիրը գնահատելիս պետք է հաշվի առնել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության գործոնները: Հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունների առանձնահատկությամբ պայմանավորված՝ Իրանը որոշ հարցերում զգուշավորություն է ցուցաբերում, սակայն, ահաբեկիչների սպառնալիքի մեծացումն ու Ադրբեջանի կողմից Հայաստան-Իրան սահմանի թիրախավորումը ուղիղ սպառնում են նաև Իրանի ազգային շահերին:
Հետևաբար, մի կողմ թողնելով Իրանի ներկայացրած ծրագրի քաղաքական բաղադրիչը, իրականում Իրանը շահագրգռված է, որպեսզի տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատվեն:
Այդ համատեքստում կարևոր է ընդգծել, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Աբբաս Արաղչիի՝ Երևան այցի նախօրեին «Ռիա նովոստի» լրատվական գործակալության հետ հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թեհրանի միջնորդական ջանքերին, նշել է․ «Իրանը տարածաշրջանում չափազանց կարևոր երկիր է և, ի տարբերություն Թուրքիայի, զբաղեցնում է պատասխանատու ու կառուցողական դիրքորոշում, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը»։
Կարևոր է նաև հավելել Աբբաս Արաղչիի՝ երևանյան այցի ընթացքում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև անցկացված քաղաքական խորհրդակցությունները։ Տարածաշրջանում ստեղծված լարված իրադրության պայմաններում անհրաժեշտ է վերագնահատել երկկողմ օրակարգի հարցերը՝ դրանց տալով իրավիճակով պայմանավորված երկկողմ շահերից բխող լուծումներ։