Վերամիավորվելու ավելի կարևոր պատճառ, քան Արցախն է, չէր կարող լինել՝ ասում են System of a Down ռոք խմբի երաժիշտները։ Վեջին անգամ ստուդիայում միասին եղել էին 15 տարի առաջ։ Այսօր կրկին միասին են՝ հանուն Հայրենիքի՝ իրենց ճակատում իրենց գործն անելու համար։ Երկու հզոր երգով ներկայացան երկրպագուների միլիոններով չափվող բանակին՝ ինչպես իրենք ասացին՝ աշխարհն արթնացնելու համար։
Սերժ Թանկյան (System of a Down ռոք խմբի մենակատար) - Պատճառը մեզնից դուրս է և մեզնից մեծ է, և դրա համար շատ կարևոր է մեզ համար ավելի, քան մեկ այլ երգ։
Երգերի թողարկումը երկու նպատակ ունի՝ ասաց Սերժ Թանկյանը: Հետևորդների ու օտար լրատվամիջոցների միջոցով աշխարհին իրազեկել՝ ինչ է կատարվում, և դրանց տարածմամբ դրամական միջոցներ գոյացնել Արցախի համար: Երգերից ստացած հասույթը նվիրելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Սերժ Թանկյան - COVID-ով և ընտրությամբ զբաղված են, դրա համար մարդիկ մի քիչ քնած են, բայց փորձում ենք արթնացնել և բավական տարածել ենք ինֆոն Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և մեր ժողովրդի տոկած մարդկային իրավունքների այս հարցերով, և հասկանում են, շատ հետևում են ուղերձին և ուզում են օգտակար լինեն, նվիրատվություն անում են, բայց այս ձևով ավելի կկարողանանք մեր ֆանատների հետ կապվել։
Արցախի համար միասնական երգով հանդես գալու գաղափարը Ջոն Դոլմայանինն է։ Պատերազմի մեկնարկից հետո նա է ընկերներին առաջարկել հավաքվել: Գրելն ու տեսագրումն արել են հաշված օրերի ընթացքում՝ երգում խտացնելով ամբողջ ժողովրդի բողոքը, զայրույթը, ոգին ու միասնական ուժը:
Ջոն Դոլմայան (System of a Down ռոք խմբի թմբկահար) - Գիտակցեցի, որ իբրև SOAD՝ մենք ունենք շատ զորություն, մենք ձայն ունենք, մենք 22 տարում ստեղծել ենք այդ ձայնը: Ավելի պատեհ առիթ չէր կարող լինել մեզ միավորելու և որպես System of a Down մի բան անելու համար: Կարծում եմ՝ երբ զինվորները սահմանին լսեն այս երգը, ավելի կգոտեպնդվեն ու կիմանան, որ մենք նրանց մեջքին կանգնած ենք։
Շավո Օդաջյան (System of a Down ռոք խմբի կիթառահար) - 4 շաբաթ առաջ սկսավ պատերազմ, մի շաբաթ հետո խոսեցինք, մի շաբաթից՝ երգը, մյուս շաբաթ երգն ունեինք։ Անհամբեր սպասում եմ՝ ժողովուրդը ոնց կընդունի: Երկուսն էլ Արցախի մասին են, մեր ազգի մասին են։ Խնդրի մասին քարոզ՝ Էդի մեր նպատակն էր, այսինքն՝ ո՞վ պիտի մեր պես հետևողներ ունենա, որ սաղ հայ չեն, բայց աշխարհը կա: Մենք կարայինք աշխարհի աչքերը բացենք, երգով պիտի անենք ու եթե պիտի անենք, հիմա ա ժամանակը։ 15-16 տարի չենք եղել ստուդիո իրար հետ, շատ ուրախ եմ։
System of a Down խմբի երաժիշտները պատերազմի առաջին օրից միլիոնավոր երկրպագուներին սոցիալական հարթակներով իրազեկում են Արցախի վրա Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման ու ռազմական հանցագործությունների մասին, պատմում այն, ինչի մասին լռում է աշխարհը:
Շավո Օդաջյան - Առաջին օրից ես սկսեցի թվիթ խոսել, մինչև հիմա ստանում եմ՝ Գերմանիա, Ռուսաստան, Հնդկաստան, Ճապոնիա, որ մեր երկիրը ԹիՎի-ներով են ցույց տալիս ու ասում են՝ թենք յու, որ մեր աչքերը բացում եք:
Ջոն Դոլմայան - Մեզ կարող են լսել մի քանի հարյուր միլիոն մարդ աշխարհով մեկ։ Եվ եթե 10 տոկոսն էլ գոնե իմանա, թե ինչ է տեղի ունենում Արցախում և Հայաստանում, լավ է։ Շատ բան հիմնված է կրոնի վրա՝ առաջին քրիստոնյան ենք, Նոյի տապանն է Հայաստանում իջել, ամենահին կոշիկը Հայաստանում է գտնվել, մեծ հայտնագործություններ ենք նվիրել մարդկությանը ու այսօր կռվում ենք պարզապես կենդանիների հետ։ Նրանք հարձակման են ուղարկում ամենավատ կենդանիներին, ինչպես որ արել են 1915-ին։ Հայերն այսօր կռվում են ընդդեմ ահաբեկչության։ Դա վերջնագիծ է։
Երկար է տևում, մինչև աշխարհը գիտակցի, ինչ է տեղի ունենում՝ ասում է Ջոն Դոլմայանը: Թուրքերն անցած դարասկզբին Առաջին համաշխարհայինն օգտագործեցին ցեղասպանության համար, այժմ էլ՝ համավարակն ու ԱՄՆ-ի նախագահի ընտրությունը։ Այս անգամ էլ ուշադրությունը հեռացնում են իրենց արածից, այն է՝ բռնաբարություն, սպանություն և քրիստոնեության ոչնչացում։ Թվում է՝ դա նրանց հիմնական նպատակն է՝ ասաց Ջոն Դոլմայանը։
Ջոն Դոլմայան - Վագրի նման թշնամուն հայրենիքի սահմանից հետ շպրտող ամեն մի հայ զինվոր թանկ է, մենք ամեն մեկի թիկունքին ենք։
System of a Down խմբի Save the Land երգի տեսահոլովակի պրեմիերան կայացավ բարեգործական երեկոյի ընթացքում, որի հասույթը կուղղվի հանուն Արցախի իրականացվող ծրագրերի։
Հերրի Քազազյան (բարերար) - Երկու տարբեր պատերազմ ենք անում, մեկը՝ Հայաստան, մեկը՝ հոս: Մենք պետք է երկուսն էլ հաղթենք. մեկը՝ որ աշխարհը ճանաչի, որ Արցախը Հայաստան է, հայ է, և մենք դա պիտի պոլիթիքլի սովորեցնենք։
Հերրի Քազազյանն ընտանիքի հետ մեկտեղ, դրամական աջակցությունից բացի, Հայաստան է ուղարկել հազարավոր քնապարկեր, զինվորական ուսապարկեր և առաջին անհրաժեշտության պարագաներ։ Դրան զուգահեռ կազմակերպել է նաև քաղաքական արշավ՝ ամերիկացի ազդեցիկ պաշտոնյաներին իրազեկելու և ստիպելու քայլ անել։ Նրանց նախաձեռնությամբ տեղեկատվական տեսահոլովակներն ու նամակներն արդեն գրոհում են ամերիկյան նահանգների օնլայն հարթակները։ Ու մինչ քաղաքական ու նյութական աջակցությունն Ամերիկայից կհասնի առաջնագիծ, մեր զինվորներին կգոտեպնդի System of a Down-ի ծանր ռոքի հզոր էներգետիկան:
Սերժ Թանկյան - Ես իրենց ֆանատն եմ, քանի որ ես չեմ կարող, ուզում եմ, բայց չեմ կարող, բայց իրենք անում են, և շատ երախտապարտ եմ իրենց։