Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովը, որն այս տարի COVID-19-ով պայմանավորված անցկացվում է առցանց և բաղկացած է հինգ տարբեր նստաշրջաններից՝ յուրաքանչյուրի համար առանձին թեմայի քննարկմամբ:
Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPAS) անդամ երկրների սպորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ նոյեմբերի 5-ին կայացել է համաժողովի առաջին նիստը։ Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Առցանց նիստի ընթացքում քննարկվել է Եվրոպական մարզական խարտիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար սպորտի ոլորտում քաղաքականությունների մշակման առանցքային փաստաթղթի վերանայումը: Այդ շրջանակում դիտարկվել են մի շարք հարցեր՝ սպորտում մարդու իրավունքների պաշտպանությունը, մարզիկների իրավունքների պաշտպանությունը, սպորտային կառույցների կողմից լավ կառավարման սկզբունքների որդեգրումը, սպորտային շարժումների միջև համերաշխության ամրապնդումը, COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում սպորտի առավելությունների շուրջ հանրային իրազեկության բարձրացման կարևորումը և այլն։