Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաջորդ տարվա բյուջեն 210.8 մլրդ դրամ է: 37.3 մլրդ-ը դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվող ծրագրերի գումարներն են:
2021-ին 800 մլն դրամ կհատկացվի սահմանամերձ համայնքներին պետական աջակցության ծրագրերի համար: Խոսքը վերաբերում է 37 բնակավայրի:
Վաչե Տերտերյան (ՀՀ ՏԿԵ փոխնախարար) - 7 մլրդ դրամ նախատեսել ենք մարզերին սուբվենցիոն և ենթակառուցվածքների զարգացման համար, որի մեջ ԵՄ աջակցությամբ ունենք տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրեր:
Մայրաքաղաքին հատկացվող դրամաշնորհները, այդ թվում՝ սուբվենցիաների տրամադրումը և դոտացիան, 22 մլրդ 503 մլն 961 հազար դրամ է:
Սերգեյ Ներսիսյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Պետության կողմից Երևանի քաղաքապետարանին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն նախատեսվել է 36 մլրդ 15 մլն 459 հազար դրամի կարգով:
Նախատեսումներն ընթացիկ բյուջետային տարվա համեմատ փոփոխվել են: Մասնավորապես, պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների բյուջեն կրճատվել է շուրջ 20 մլրդ 95 մլն դրամով, որի տեսակարար կշռում մեծ մաս են վարկային և դրամաշնորհային ծրագրերը:
Սերգեյ Ներսիսյան - Կրճատումները կատարվել են՝ նկատի ունենալով միջնաժամկետ ծախսերի ծրագրում առաջիկա բյուջետային տարվան հաջորդող բյուջետային տարում ընդգրկելու հնարավորությունը:
Երևան համայնքին նպատակային հատկացումներն ավելացել են 39 մլն դրամով՝ կազմելով 9 մլրդ դրամ: Ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրված դոտացիան մնացել է անփոփոխ՝ 13 մլրդ դրամ։ Երևանի արտաքին լուսավորության ծրագրով նախատեսվել է բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացված գումարից պակաս 2 մլրդ դրամ, որը 2020 թ. բյուջետային տարվա համեմատ մնացել է նույնը:
Սերգեյ Ներսիսյան - Փողոցների նորոգման և ճաքալցման նպատակով 2021 թ. բյուջեի նախագծով հատկացվել է 3 մլրդ դրամ՝ մնալով անփոփոխ 2020 թ. բյուջետային տարվա նկատմամբ։
Երևանի Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի համար 2021 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 833 մլն 462 հազար դրամ: Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի նախագծի եկամտային մասը նախատեսվում է շուրջ 92 մլրդ 420 մլն 288 հազար դրամ: