Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի և մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը՝ տեղեկացնում են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունից և Հայկական կարմիր խաչի ընկերությունից։
«Ցանկանում ենք հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։ Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ լրացուցիչ արձանագրություններին ու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված՝ խորհրդանշանի գործածության կանոններին։ Խնդրում ենք զերծ մնալ նման քայլերից։
Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար»,- ասված է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) հայտարարության մեջ: