10-ամյա ըմբիշ արցախցի Սերգեյ Բալույանը մեկն է այն 73 արցախցիներից, ովքեր այս օրերին ապրում են «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում: Սերգեյը Ստեփանակերտից է, ունի 2 քույր և մեկ եղբայր:
Արտահայտիչ աչքերով այս ճարպիկ տղան ազատ ոճային ըմբիշ է, բայց և շատ լավ ֆուտբոլ է խաղում: Ակադեմիայում ապրելու առաջին իսկ օրից ֆուտբոլի մարզիչները նկատել են նրա տաղանդը: Համալրել է իր տարիքայինների խումբը և պրոֆեսիոնալ ֆուտբոլով է սկսել զբաղվել:
Նարեկ Վարդանյան («Ուրարտու» ՖԱ մարզիչ) - Մեծ մարդու պես եմ իր հետ խոսում:
Սերգեյը մեծ մարդու պես էլ պատմում է, թե ինչպես են պատերազմի առաջին օրը արթնացել, և ինչ ձայներ է լսել:
Սերգեյ Բալույան («Ուրարտու» ՖԱ-ի սան) - Գիշերվա ժամը 5-ին ձայները լսում էի: Տատիկս ասաց՝ գանք էստեղ:
Սերգեյը շատ շփվող է ու անկաշկանդ: Միանգամից ընկերներ է ձեռք բերել: Ամենամոտ ընկերը Սևակն է: Շախմատ խաղալիս են ծանոթացել: Սևակը նույնպես համալրել է «Ուրարտուի» սաների շարքը. Սերգեյի թիմակիցն է: Սևակը վստահ է՝ Արցախ վերադառնալուց հետո իրենց ընկերությունը կշարունակվի:
Տաղանդավոր Սերգեյը շախմատ խաղալ սովորել է դպրոցում:
Սերգեյ Բալույան - Սովորել էմ դպրոցում, ուսուցչուհուն 2 անգամ հաղթած կամ:
«Ուրարտուում» կազմակերպած շախմատային մրցաշարում եզրափակիչ էր մտել, սակայն զիջել էր իրենից տարիքով ու փորձով մեծ ընկերոջը:
Հարցին, թե ինչն է ամենաշատը կարոտել հարազատ քաղաքում, Սերգեյը անկեղծորեն պատասխանում է՝ բակի ճոճանակը: Վստահաբար նշում է, որ նոր տարվանից հետո վերադառնալու են տուն՝ Ստեփանակերտ:
Հեղինակ՝ Շուշանիկ Հակոբյան