Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։
Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։
Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։
Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով»,- ասված է ԱԱՏՄ հայտարարության մեջ։