Մի ապացույց ևս այն բանի, որ ոչինչ չի կարող ընկճել հայրենասեր հայի ոգին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Այս օրերին Գեղարքունիքի մարզից Արցախյան պատերազմին բազմաթիվ զինվորներ ու կամավորներ են մասնակցում, ովքեր աչքի են ընկնում իրենց քաջագործություններով ու մարտունակ ոգով։
Բոլորս շատ լավ ենք հիշում մեր հայրենակից Գևորգին, ով, ձեռքը գրպանում թաքցնելով, դիմել էր զինկոմիսարիտ ու կամավորագրվել՝ առաջնագիծ մեկնելու։
Այս անգամ էլ իր մեծ հայրենասիրությամբ ու անձնուրաց նվիրվածությամբ աչքի է ընկել Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ 48-ամյա Մարտիկ Գևորգյանը, ով սրտի 4 ստենտով կամավոր մեկնել է առաջնագիծ ու մասնակցել մարտական գործողություններին։
Բեկորային վնասվածք ստանալուց հետո նա ստացել է համապատասխան բուժում, իսկ այժմ այն շարունակում է տնային պայմաններում։ Ուշագրավ է, որ կամավորագրվելու որոշումը ընդունել է՝ անտեսելով սեփական առողջական վիճակը։
Անգամ առողջական լուրջ խնդիրների մեջ գտնվելով՝ նա ցանկանում է օր առաջ մեկնել ռազմաճակատ՝ կանգնելու իր մարտական ընկերների կողքին։
Վստահ եմ, որ հայ ազգը բազմաթիվ նման հայրենասերներ ունի, որոնց մենք դեռ նոր ենք ճանաչելու։ Շուտափույթ ապաքինում մերօրյա հայրենասերին, անփորձանք ու հաղթանակած վերադարձ մարտնչող մեր հայ զավակներին»,- գրել է Սանոսյանը։