ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը մայրաքաղաքը սպասարկող ուղևորափոխադրող մի շարք կազմակերպություններում արձանագրել են տարաբնույթ խախտումներ։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում է covid-ի անվտանգության կանոնների պահպանումն է՝ սկսած հանրային տրանսպորտի դիսպետչերական կետերից։
Դիտարկվում է երթուղի դուրս եկող հանրային տրանսպորտում ախտահանիչ միջոցների առկայությունը, covid-անվտանգության կանոնների պահպանումը, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկի առկայությունը, նախաուղերթային և եզրափակիչ ախտահանումն ու ախտահանման աշխատանքների գրանցումը համապատասխան ձևաչափի գրանցամատյանում և այլն։
Միաժամանակ դիտարկվում է նաև հանրային տրանսպորտի վարորդների՝ բուժզննության ենթարկված լինելը․ ամեն առավոտ՝ մինչ երթուղի դուրս գալը, վարորդները պետք է անցնեն արտաքին բուժզննություն, ջերմաչափում, ինչի արդյունքները պետք է լրացված լինեն համապատասխան գրանցամատյաններում և երթուղային ուղեգրերում։
Այսօր վաղ առավոտյան ստուգայցերն ընթացել են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևան-ավտոբուս» ՓԲ ընկերությունում, որը սպասարկում է երթուղային մի քանի գիծ։
Վերջին օրերի ստուգայցերն արձանագրել են մի շարք խախտումներ, այն է՝ ուղևորափոխադրող որոշ կազմակերպություններ տրանսպորտային միջոցներին չեն տրամադրում ախտահանիչ նյութեր, վարորդներին չեն ապահովում դիմակներով, չեն կատարում ախտահանումների վերաբերյալ նշումներ գրանցամատյաններում։
Ջերմաչափման մատյաններում ևս կան թերություններ։
Արձանագրված խախտումների հիմքով հարուցվել են վարչական վարույթներ։ Տրվել է նախազգուշացում՝ անհապաղ վերացնելու արձանագրված խնդիրները։ Կնշանակվեն տուգանքներ։