ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների հանդեպ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների կիրառության, քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածությունների վերաբերյալ, այդ փաստերը հիմադրել ապացույցներով։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ադրբեջանական չտարբերակված հարձակումները Արցախի ու Հայաստանի բնակչության դեմ շարունակում են ուղեկցվել էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով։ Այդ ատելությունն այն աստիճանի բարձր է, որ դրսևորվում է վայրագություններով ու խոշտանգումներով, դաժան վերաբերմունքով: Այնուհետև այդ ամենը հրապարակվում է հատուկ նպատակով ադրբեջանական սոցիալական մեդիայում՝ արժանանալով հանրային գովեստի ու հայասպանության խրախուսանքի:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: