Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգի «Ընթացիկ խնդիրներ» կետի ներքո Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով՝ ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին տեղեկացնելով հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, մասնավորապես Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների վերաբերյալ։
Դեսպան Պապիկյանն իր ելույթում նշել է.
«Արցախի և նրա ժողովրդի դեմ Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որին ուղղակի ներգրավված են օտարերկրյա զինյալ ահաբեկիչները և ջիհադիստները, ուղեկցվում է բազմաթիվ ռազմական հանցագործություններով՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների ռմբակոծություն, կասետային և սպիտակ ֆոսֆոր պարունակող սպառազինությունների կիրառում, քաղաքացիական և ռազմագերիների հանդեպ բռնություն և դաժան սպանություններ, գլխատումներ և դիախեղումներ։
Ադրբեջանի այդ հարձակումները բացահայտ վկայում են, որ այդ երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը մտադիր է առավելագույն վնաս հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը, հատկապես կանանց և երեխաներին, յուրաքանչյուր հերթական հարձակումից հետո անամոթաբար խոսելով «խաղաղ համատեղ ապրելու հեռանկարի» մասին»։
Դեսպան Պապիկյանն առանձնահատուկ անդրադարձել է Ադրբեջանի կողմից սպիտակ ֆոսֆորի կիրառման փաստին՝ նշելով, որ միջազգային իրավունքի համաձայն դրա կիրառումը քաղաքացիական բնակավայրերում համարվում է ռազմական հանցագործություն։ Այս առումով նշվել է նաև, որ Հայաստանն արդեն դիմել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Նշվել է նաև, որ այդ զինատեսակը բացասական ազդեցություն ունի նաև բնապահպանության համար, ինչի վկայությունն է արդեն երեք օրից ավել այրվող անտառները։
«Ադրբեջանի գործողությունները շարունակությունն են տասնամյակներ շարունակ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական իշխանության կողմից որդեգրած հայատյացության, ատելության և այլատացության քարոզչության։ Հայի որպես գլխավոր թշնամու կերպարը հարմար գործիք էր, որն Ադրբեջանի ղեկավարն օգտագործում էր իր բռնապետական ռեժիմը պահպանելու նպատակով։
Ադրբեջանական սոցիալական հարթակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայերի հանդեպ ատելության խոսքը և այլատյացությունը աննախադեպ աստիճանի է հասել և արտահայտվում է ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլ նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, մշակութային և գիտական գործիչների, սպորտի ոլորտի ներկայացուցիչների շրջանում։ Այս առումով նշվեց «Քարաբաք» ֆուտբոլի ակումբի լրատվության հետ կապերի պատասխանատուի օրինակը, որին Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիան զրկել է ֆուտբոլի ետ կապված որևէ գործունեություն իրականացնելուց։
Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական ներգրավվածությունը և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցությունը ռազմական գործողություններին, ինչպես նաև բռնության շարունակության հնարավոր ավելի լայն աշխարհա-ռազմավարական հետևանքները տարածաշրջանի և դրանից դուրս՝ սրանք են այն նոր տարրերն ու գործոնները, որոնք առանձնացնում են ներկայիս ագրեսիան։
Թուրքիայի համար, որն այս ագրեսիայի իրական կազմակերպիչն ու սադրողն է, այս պատերազմը Հարավային Կովկասում իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդելու և իր ազդեցությունը տարածելու մասին է։ Թուրքիայի իշխանությունները, պահն օգտագործելով, «մեկ ազգ, երկու պետություն» գաղափարի շղարշի ներքո ակտիվորեն ներգրավված են հակամարտությունում՝ ապահովելու համար Թուրքիայի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ և ապագա աշխարհաքաղաքական շահերը։
Հետևաբար Թուրքիան, որը ռազմական գործողություններում ուղղակի իր ներգրավմամբ ավելի շատ հակամարտության կողմ է, չի կարող և չպետք է որևէ դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։
Հայկական կողմը բազմիցս է խոսել հակամարտությունում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և ջիհադիստների մասնակցության մասին։ Օրերս Արցախի Պաշտպանության բանակը գերևարել է երկու ահաբեկչի, որոնք մանրամասն ներկայացրել են Թուրքիայի կողմից իրենց վարձելու և Արցախի դեմ պատերազմական գոտի տեղափոխելու մասին։
Հայաստանը, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, իր ներդրումն է ունեցել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերում։ Հայկական կողմը նախազգուշացնում էր որ միջազգային ահաբեկչության ներթափանցումը Հարավային Կովկաս ծայրահեղ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Հետևաբար, ակնհայտ է, որ ահաբեկչության վերացմանն ուղղված ջանքերը պետք է ավելացվեն՝ հատուկ ուշադրությունն դարձնելով ահաբեկչական և ջիհադիստական խմբերի ֆինանսավորումը դադարեցնելու և դրանց աջակիցներին կանգնեցնելու խնդրին։ Այս համատեքստում նշվեց, որ Թուրքիան, ահաբեկիչներին և ջիհադիստներին վարձելով, աջակցում է ահաբեկչությանը»,- ասել է դեսպանը։
Եզրափակելով ելույթը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ մի երկիր, որն օգտվում է ահաբեկիչների ծառայությունից, և որին աջակցում է մեկ այլ երկիր, որն իր հերթին ֆինանսավորում և աջակցում է ահաբեկիչներին և ջիհադիստներին, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել Արցախի և նրա ժողովրդի հանդեպ, որը պայքարում է այսօր իր անքակտելի իրավունքների համար։ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրացման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի միջազգային ճանաչումը միայն կարող է ապահովել քաղաքական և իրավական միջավայրը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը և նրա անքակտելի իրավունքները պաշտպանելու համար։
Դեսպանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին դիտարկել այս խնդիրը՝ պատերազմի բոլոր աղետալի հետևանքների համատեքստում։