Կրակոցի ձայներ են լսվել Վրաստանի իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ, որտեղ ընթանում էր ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմնակիցների բողոքի ցույցը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Այս մասին ուրբաթ հայտարարել է Վրաստանի հանրային հեռարձակման առաջին ալիքը՝ հղում անելով ցույցի մասնակիցներին:
Ակցիայի մասնակիցները ենթադրում են, որ կրակողը «Վրացական երազանք» կուսակցության կողմնակիցներից է եղել, որը փորձել է հինգ կրակոցով վախեցնել ներկաներին:
Ներքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություն չի արել միջադեպի առիթով: Մի քանի օր անընդմեջ ընդդիմությունը Վրաստանում բողոքի ցույցեր է անցկացնում՝ իր անհամաձայնությունը հայտնելով հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ: