Մեկ կրթօջախ ունեցող գյուղական բակավայրերում մեկնարկել է մինչև 100 աշակերտ ունեցող 22 մոդուլային դպրոցի շինարարություն: Մինչև 2022 թվականը կկառուցվի նման 52 դպրոց: Արցախում ծանր մարտեր են, բայց կարևոր է նաև թիկունքի ամրությունը: Մեկնարկեց նաև Լոռու մարզի Հագվի գյուղի դպրոցի նոր տիպային շենքի շինարարությունը, որը վթարային է համարվել դեռևս 88-ի երկրաշարժից:
Մերուժան Պեպանյան (Հագվիի հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ) - Նաև այս ռազմական իրավիճակի ընթացքում նման շինություն ունենալը խոսում է այն մասին, որ կյանքը շարունակվում է և խոսում է այն մասին, որ եթե պատերազմ է, ուրեմն չպիտի մտածենք ուսուցման, կրթության մասին:
Քաղաքաշինության նախարարության հայտարարած մրցույթում հաղթող է ճանաչվել Նավասարդ ընկերությունը, որը մեծ փորձ ունի կրթական հաստատությունների շինարարության ոլորտում: Մրցութային նախանական 710 մլնի փոխարեն Նավասարդը երկհարկանի նոր շենքը կկառուցի 616 մլն դրամով, ուղիղ 17 ամսում: Սկսվել է հին շենքի ապամոնտաժումը, որի տեղում էլ կկառուցվի նորը;
Անդրանիկ Հակոբյան (շինտեղամասի պետ) - Այսօր առաջին օրնա, որ եկել ենք, մեկ շաբաթից սկսվելու են շինաշխատանքները, այսօր ուղղակի մեկնարկ ենք տվել ծանոթանալու մարդկանց:
Մինչև տեղ կհասնեն շինարարական անվտանգության միջոցները և արտահագուստը, բանվորները, որ հենց Հագվի գյուղից են, որոշել են օգտվել բարենպաստ եղանակից և սկսել հին շենքի փայտյա մասերի ապամոնտաժումը: Դպրոցական նոր շենքում կիրականացվի ներառական ու նախադպրոցական կրթություն:
Անդրանիկ Հակոբյան - Ունենալու է սպորտ դահլիճ և լսարան, դասասենյակներ, հանդիսությունների դահլիճ, սպորտ հրապարակ և փոքր ջերմոց: Ինչպես մյուս, այնպես էլ Հագվու նոր դպրոցը կունենա նաև գյուղատնտեսական մասնագիտությունների մեջ հմտություններ ուսուցանելու օժանդակ տնտեսություն: Մասնավորապես, Հագվիի դպրոցը կունանա ջերմոց:
Դպրոցը կունենա նաև առարկայական լաբորատորիաներ, որոնք կկահավորվեն ժամանակակից սարքավորումներով ու գույքով:
Մերուժան Պեպանյան - Դպրոցը տվել է շատ շատ մեծ մարդիկ և մեր Հագվի գյուղում ուղղությունը եղել է մաթեմատիկան, ես մաթեմատիկա եմ դասավանդում, հիմա մի փոքր անկում է եղել, բայց հույս ունենք, որ նոր դպրոցից հետո նորից կվերականգնվի և կզգանք առաջընթացը:
Անկումը պայմանավորված է համավարակով ու դասապրոցեսի պարբերական դադարով: Նման դպրոցների շինարարութունը նպատակ ունի նաև ամրացնել փոքր, սակայն զարգացման հեռանկարներ ունեցող գյուղերը: Կրթական միջավայրի, նաև կրթության որակի բարձրացմամբ կարելի է նվազեցնել արտագաղթը և պահպանել փոքր գյուղերը, ուստի անհրաժեշտ է դեռևս զերծ մնալ դպրոցների խոշորացումից, ասում է խոշորացված համայնքի ղեկավարը:
Արսեն Տիտանյան (Օձուն համայնքի ղեկավար) - Հիմա մենք դեռ պատրաստ չենք էդ խոշորացմանը, քանի որ կսկսվի այդ բնակավայրի ժողովրդի արտահոսքն ուրիշ բնակվայրեր, մանավանդ Հագվու նման գյուղը, որը աճելու հնարավորություն ունի, անպայման դպրոց պետք ա:
Մոդուլային դպրոցներում կլինեն նաև տեխնիկական ժամանակակից միջոցներ, ինչը հնարավորություն կտա ուսուցիչների պակասի դեպքում դասերը վարել հեռավար, Հայաստանի ցանկացած բնակավայրից բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ: