Ժենգյալով հացն Արցախցի կանանցից, վաճառքը՝ Նարինե Աբգարյանից: Ժամանակակից գրողին Հայաստան է բերել արցախյան երրորդ պատերազմը: Նարինեն իր «Սիմոնե» նոր վեպի ամբողջ հասույթը նվիրաբերել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, հիմա էլ՝ որպես կամավոր, միացել է արցախցի կանանց:
Նարինե Աբգարյան (գրող, արձակագիր) - Շատ շնորհակալություն բոլորին, որ եկել են: Ժենգյալով հացը քիչ է, մարդիկ շատ են, ես մի քիչ խուճապի մեջ եմ, բայց փորձում եմ ինչ-որ ձևով օգտակար լինել այս պրոցեսին, և ինձ թվում է՝ ինձ մոտ ստացվում է:
Արցախցիները ժենգյալով հացի բիզնեսը տեղափոխել են Երևան: Վաճառքից գոհ են. մի կողմից իրենց կեցության հարցերն են լուծում, մյուս կողմից աջակցում են հիմնադրամին: Տափակ բլիթ պատրաստելու համար սկզբում շատ էին նեղսրտում, 25 տեսակի կանաչուց հիմնական մասն արդեն գտել են:
Անահիտ Ավանեսյան - Չկա այդպիսի ժենգյալ, որ այստեղ չլինի, միայն չգիտեն: Մենք արդեն գտել ենք տեղեր, որ գիտեն ու բերում են մեզ համար, ցույց ենք տվել, իմացել են, քաղում են, բերում են, մենք էլ գնում ենք: Մեր հանրահայտ կնձմնձուկը, որ բոլորը ման են գալիս, մենք գտել ենք:
Սեղանին «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքն է՝ հայերեն տարբերակը: Հրատարակիչն էլ գրքի վաճառքի 30 տոկոսն է փոխանցելու հիմնադրամին: Վեպը պատմություն է հայկական մի փոքրիկ լեռնային գյուղի բնակիչների մասին: Վիշտը, հավատալիքներն ու սովորույթներն Աբգարյանը ներկայացնում է լեռնային գյուղի կախարդական մանրամասներով՝ ցույց տալով իր իշխանությունը կերպարների նկատմամբ:
Նարինե Աբգարյան - Այս գրքի մեջ ես փորձել եմ Հայաստանի պատմությունը պատմել, և այս գիրքը ավարտվում է մեծ հույսով, որ ամեն ինչ լավ է լինելու: Ինձ թվում է՝ իմ ամենահաջողված գիրքն է, չեմ ուզում աչքով տալ, բայց ուզում եմ էլի այսպիսի գրքեր գրել: Ուզում եմ բոլորին մաղթել տոկունություն, կամք, բոլորս ուժեղ ենք, և բանակը պետք է անպայման իմանա, որ թիկունքն ուժեղ է, որպեսզի երկու անգամ, երեք անգամ ավելի ուժեղ լինի:
Մեծ, թե փոքր եկել են շնորհանդեսի՝ անձամբ հեղինակից ստանալու գրքի իրենց օրինակը: Լիանան որդու հետ է շտապել նշելու Նարինե Աբգարյանի՝ գեղեցիկ շապիկով գրքի ծնունդը: Ասում է՝ հեղինակի բոլոր գործերը կարդացել է և եկել է անձամբ շնորհավորելու:
Լիանա Գալստյան - Նարինե Աբգարյանին շատ սիրում եմ, երկար տարիներ է նրա ընթերցողներից եմ: Հիմա շատ ուրախ եմ, որ հայերեն տարբերակն է հասանելի: Այսօր եկել ենք նախ իրեն տեսնելու, հետո գիրքը գնելու: Զգայական բաներ կան, իսկ ինձ հոգեհարազատ է. սովորական, հասարակ մարդու կյանքի գյուղական պատմություն է, այդ ամենն ինձ դուր է գալիս, նաև ոճը:
Նարինե Աբգարյանի հայտնի՝ «Զուլալի» պատմվածքների ժողովածուն էլ շուտով հայերեն լույս կընծայվի: Հեղինակն ասում է՝ գիրքը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող և անգամ ողբերգականի մեջ զվարճալին գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է: Թե հասցրեց, հաջորդ անգամ ընթերցողի հետ այդ առիթով կհանդիպի: