Արցախում պատերազմի 40-րդ օրը լույսը խավարի մեջ բացվեց: Ամբողջ գիշեր թշնամին հրետակոծեց բերդաքաղաք Շուշին, մայրաքաղաք Ստեփանակերտը: Թշնամու նենգությունը մի օջախում 3 լույս մարեց:
Սա գիշերվա հրետակոծության հետևանքն է: 3 զոհ ունենք: Սա այն դեպքում, երբ հումանիտար նկատառումներով պայմանավորվածություն էր ձեռք բերվել չհրթիռակոծել խաղաղ բնակավայրերը:
Արդեն նախկին տնից կանգուն է մնացել միայն հյուրասենյակի դուռը: Գիշերվանից տեղում աշխատում են փրկարարները, փորձում փլատակներից հանել խաղաղ բնակիչների անշնչացած մարմինները: Այս պատկերը, ավերակները, թշնամու նենգության արտահայտությունն են. առաջնագծում պարտության համը ճաշակող թշնամին փորձում է վրեժխնդիր լինել խաղաղ բնակիչներից՝ տեղի ունեցածը հայացքով արձանագրում է Տավուշի թեմի առաջնորդը:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշի թեմի առաջնորդ) - «Մենք գործ ունենք սատանայի զավակների հետ, ինտենսիվ կերպով սկսել են ռմբակոծել խաղաղ բնակչությանը և, ահավասիկ, այս տունն էլ, որտեղ երեք զոհ ենք ունեց: Մեր ցավակցությունները»:
Քանի դեռ աշխարհը լուռ ու կույր է, մենք՝ ազգովի, միասին պետք է վերջնական լուծենք այս հարցը, այլապես թշնամին շարունակելու է սկսած ոճրագործությունը:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյան - «Մենք համբերությամբ, տոկունությամբ պիտի հաղթենք: Ուրիշ ելք,ճար չունենք»: