Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում։ Այսօր և երեկ անցնող գիշերը բավականին ինտենսիվ, ծանր մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշիի մերձակայքում ու Շուշի տանող ճանապարհներին: Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր,- հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ։
«Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «գյոռբագյոռ» գործողությունը հաջողությամբ շարունակվում է։ Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել։ Թշնամու զորքերը, վարձկանները և մնացած թափթփուկներից՝ Շուշի տանող ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել։ Առաջիկայում համապատասխան տեսանյութերն ու ֆոտոնյութերը կլինեն»,- վստահեցրեց Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հայտնեց, որ այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Նա նշեց, որ Շուշի եկող ճանապարհներին նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները։
«Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր․ Շուշին մերն է․ Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձար Ալիևը՝ վստահեք, լցվեք վստահությամբ՝ հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,- շեշտեց Հովհաննիսյանը։